ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսական տարվա 2020թ.-ին արձանագրված արդյունքների և 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ 2020թ.-ին գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228 000 հա, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155 000:
Պետական օժանդակության ծրագրերի շարքում 2020թ. մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա, գրեթե կրկնակի աճել է շահառուների թիվը: Շոշափելի աճ է արձանագրվել ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում. 2019թ. 53.2 հա համեմատ 2020թ. ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա, շահառուների թիվը 17-ից հասել է 53-ի:
Փոխնախարարը հայտնել է, որ 2021թ. նախատեսվում է համակարգային մոտեցման ներդրում, որը կներառի կրթական բաղադրիչը ևս, և Ագրարային համալսարանում կիրականացվեն ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ:
Իրանի ապրանքների արտադրության վերջին փուլը կիրականացվի ՀՀ-ում. «Արմօյլը» վերագործարկվում է
Ըստ ներկայացված վիճակագրության` արդյունավետ ընթացք է արձանագրել տոհմային անասնաբուծության և անասնապահության ծրագիրը: 2020թ.-ին կառուցվել է 20 խելացի անասնագոմ, կնքվել է 35 պայմանագիր, որոնք այժմ իրականացման փուլում են: Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, փետրվարի 15-ից այն հասանելի կլինի նաև Սյունիքի մարզում: Կատարվել են կենդանիների պատվաստման հակահամաճարակային միջոցառումներ և համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքներ:
Անդրադառնալով մթերման գործընթացին՝ փոխնախարարը նշել է, որ 2020թ.-ին մթերվել է 98 000 տ պտուղ-բանջարեղեն, որը 11 000 տոննայով շատ է նախորդ տարվանից:
Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021թ. Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ և օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում:
Կառավարությունը քննարկում է սահմանափակումները նորից թուլացնելու հարցը. Վահան Քերոբյան
Վերամշակման և արտահանման ոլորտներին օժանդակելու նպատակով բանակցություններ են ընթանում ռուսաստանյան սուպերմարկետների 3 ցանցերի ղեկավարության հետ՝ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու և դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով:
Համաշխարհային բանկի վարկային միջոցներով 2020-2021թթ. 57 վերամշակող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որոնց շրջանակում աջակցություն կտրամադրվի արտադրական կարողությունների վերազինմանը/սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը։
Պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերն 2020թ.-ին, 2019թ.-ի համեմատ աճել են ավելի քան 4 անգամ, վարկային պորտֆելի ծավալը՝ գրեթե 2 անգամ: Վարչապետին զեկուցվել է նաև արոտների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման 2020թ. արդյունքների և առաջիկա աշխատանքների մասին. ՀԲ վարկային միջոցներով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կառուցվել է «Անասնաբուժական սպասարկման կենտրոն», Ագրարային համալսարանի անասնաբուծության ֆակուլտետի լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով, 8 համայնքում ավարտվել է արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարությունը: 2021թ․«Անասնաբուժական սպասարկման կենտրոն» կկառուցվի Լոռու մարզի Թումանյան համայնքում, 11 համայնքում կիրականացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքներ, նախատեսվում է 70 համայնքում կառուցել կենդանիների հավաքատեղիներ, որոնք ծառայելու են կենդանիների համարակալմանը և պատվաստմանը:
Փաշինյանը կարևորել է դրական դինամիկա և արդյունավետություն արձանագրած ծրագրերի հետևողական իրականացումը և նշել, որ ռազմավարական նշանակության որևէ ծրագիր պետական աջակցության շրջանակից չպետք է դուրս մնա:
Վարչապետը հետաքրքրվել է նաև ջրօգտագործման ոլորտում ընթացիկ իրավիճակից: Նա հանձնարարել է ուսումնասիրել ջրօգտագործման գործընթացի պլանավորման ճշգրտությունը բարձրացնելու, ջրի կորուստները նվազագույնի հասցնելու, ՋՕԸ-երի կուտակած պարտքերի մարման գործընթացի համակարգային լուծման տարբերակներ և ներկայացնել քննարկման: