«Չգիտեմ` որ տնօրենի անունն ում հետ են կապում». նախարարը` Աբովյանի դպրոցի իրավիճակի մասին

Վահրամ Դումանյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աբովյանի դպրոցում մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է` հանրակրթական դպրոցներում չկան հովանավորչություն, կոռուպցիոն սխեմաներ։ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով Աբովյանի թիվ 1 դպրոցում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

ԳԱԱ–ի ինստիտուտներին ի՞նչ է սպասվում. Վահրամ Դումանյանը մանրամասներ հայտնեց

Նշենք, որ դպրոցում տևական ժամանակ է` գործադուլ և դասադուլ է իրականցվում, որի պատճառը տնօրենի ընտրություններն են։

Դպրոցի նախկին տնօրենը` Մետաքսյա Բաբայանն ու ևս մեկ անձ` Քարմիլե Առաքելյանն էին իրենց թեկնածությունն առաջադրել, և հաղթող էր ճանաչվել Առաքելյանը։ Ըստ շրջանառվող լուրերի` նա Շրջակա միջավայրի նախարարի կնոջ ընկերուհին է, ինչի համար էլ տնօրեն է նշանակվել։ Աշակերտներն ու ուսուցիչները պնդում են` ընտրությունների արդյունքը պետք է չեղարկվի։

«Ես չգիտեմ`դպրոցի որ տնօրենի անունը ում հետ են կապում, դա ինձ հետաքրքիր չէ ընդհանրապես։ Տեսեք, հունվարի 22-ին Աբովյանի հանրակրթական դպրոցում մրցույթ է եղել, արդեն հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ մարդիկ հավաքվել են ու բողոքում են։ Ես հարցին նոր էի ծանոթանում, և բացարձակապես երկու թեկնածուներից երևէ մեկին չեմ ճանաչում»,–ասաց նախարարը։

Դումանյանի խոսքով` երբ ծանոթացել է խնդրին և իմացել, որ երկու թեկնածուների ձայները բաշխվել են 4/4 հարաբերակցությամբ, ասել է, որ մրցույթը պետք է անվավեր ճանաչեն։ Սակայն նախարարին հայտնել են, որ գործող կարգը դա չի թույլատրում և պետք է նրանցից մեկին հրամանագրել։

Նախարարը նշեց, որ եթե դպրոցի անձնակազմը կարծում է, որ անօրինականություն է եղել, թող դիմեն համապատասխան մարմիններին։ Հարցին, թե ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը չէ՞ր հայտնել այս դպրոցի հետ կապված խնդրի մասին` Դումանյանը պատասխանեց, որ Հարությունյանի հետ վերջին անգամ զրուցել է «չգիտեմ երբ»։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նորանշանակ փոխնախարար Կարեն Գիլոյանն Արցախ են մեկնել

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման վարույթ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ: Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին, դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը: