Այս սխալներն անում են գրեթե բոլոր կանայք. Աննա Մաթևոսյանը խոհանոցային գաղտնիքներ է բացում

Ճաշատեսակների պատրաստման գործում առանցքային նշանակություն ունի մթերքի ջերմային մշակումը, որը կարող է ինչպես ընդգծել համը, այնպես էլ փչացնել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Տնական ուտելիքին ոչինչ չի փոխարինի։ Այս կարծրատիպի հետ մենք ոչ միայն ապրում ենք, այլև շարունակում ենք մեծ համոզմունքով «համեղ և օգտակար» տնական ուտելիք պատրաստել։ Սակայն քչերը գիտեն, որ մեզ համար սովորական ջերմամշակումը կարող է «սպանել մթերքը», և արդյունքում սեղանին կդնենք գուցե համեղ, բայց անօգուտ կերակուր։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի անդամ, խոհարար Աննա Մաթևոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ յուրաքանչյուր մթերք պատրաստման իր եղանակն ունի։ Չի կարելի և անընդունելի է եփել կարտոֆիլը նույն ձևով, ինչ միսը կամ կանաչին։

Ամենատարածված սխալները կապված են բանջարեղենի, մսի, կանաչեղենի հետ։

Եփել, բայց ոչ գերխաշել

Մսի ցանկացած տեսակ, լինի հավի, թե խոզի միս, պետք է նույն ձևով եփել։ Սկզբում ջրով կաթսան պետք է դնել ուժեղ կրակին և եռացնել։ Ապա արդեն եռացող ջրի մեջ դնել միսը և թուլացնել կրակը։

«Եռացող ջրում միսը պատվում է կեղևով, ինչը կարևոր է, քանի որ այդ դեպքում պահպանվում են սննդարար նյութերը»,-ասաց Մաթևոսյանը։

Նա նշեց, որ շատերը միսը դնում են կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնում և դնում կրակին։ Դա սխալ է. այդպես եփելու դեպքում սննդարար նյութերը չեն պահպանվում։

Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

Ճիշտ սոխառածի մասին

Սոխը տապակելու գործընթացը կարևոր է ինչպես օգտակարության, այնպես էլ կերակրի հետագա համի տեսանկյունից։ Մաթևոսյանի խոսքով` սոխը տապակելուց առաջ պետք է բուսական յուղով թավան դնել կրակին։

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

«Հենց ձեթը տաքանում է, կտրատած սոխը լցնում ենք թավայի մեջ և անմիջապես թուլացնում կրակը»,-ասաց Մաթևոսյանը։

Նրա խոսքով` սոխն այդ դեպքում կեղևով է պատվում, որը, ինչպես մսի դեպքում, թույլ է տալիս պահպանել մթերքի սննդանյութերն ու համը։ Բացի այդ, որքան երկար տապակեք սոխը, այնքան այն ավելի քաղցր կդառնա։

Բանջարեղեն

Ամբողջ աշխարհում, թերևս, ամենաշատը կարտոֆիլ են եփում։ Մաթևոսյանի խոսքով` ցանկացած բանջարեղեն, այդ թվում կարտոֆիլը եփելու գլխավոր գաղտնիքը նվազագույն քանակությամբ ջուր օգտագործելն է։

«Շատերը սխալ կարծիք ունենք, որ եփելու ընթացքում ջուրը պետք է լիովին ծածկի մթերքը։ Հակառակը` այդ դեպքում սննդարար նյութերը չեն մնում, ջուրը լվանում-տանում է»,-ասաց Մաթևոսյանը։

Բանջարեղենը պետք է եփել թույլ կրակի վրա և նվազագույն քանակությամբ ջրով։ Այդ դեպքում կպահպանվեն համն ու որակը։

Սեզոնային կանաչեղեն

Կանաչեղենը սովորաբար շոգեխաշում են։ Շատերը երկար եփում են` կարծելով, որ այդպես ավելի ճիշտ է։

«Այնինչ սպանախը պետք է եփել տաք ջրում և խաշել ընդամենը երկու րոպե, տեղական հայկական բանջարը` սինդրիկը, շուշանը` 4-5 րոպե»,-ասաց Մաթևոսյանը։

Խաշելուց հետո կանաչեղենը պետք է պահել սառը ջրի տակ, հակառակ դեպքում եռման ջերմաստիճանը կպահպանվի և կփչացնի կերակրի գույնն ու համը։

Բարի ախորժակ։

Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը