Արցախից տարհանված անձանց խաբել են, թե տուն պետք է տան, և գումարներ են հափշտակել

Մի տղամարդուն ոստիկանությունն արդեն ձերբակալել է։ Ոստիկանությունը Արցախից Հայաստան տարհանված մեր հայրենակիցներին կոչ է անում ոչ պատկան մարմիններից առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմել իրավապահներին։
Sputnik

Ոստիկանությունը հայտնում է, որ երկու տղամարդ խարդախությամբ փող են հափշտակել Արցախից տարհանված անձանցից։

Ժամկետային զինծառայողներին Հայաստանից Արցախ չեն ուղարկում

Նրանք Հայաստանում գտնվող արցախցիներին ներկայացել են որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական, առաջարկել են փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպել։

Այդ նպատակով նրանք մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր և կեղծ սեփականության վկայականներ են ներկայացրել` Արցախի քաղաքացիներից մեկից պահանջելով 6 մլն դրամ ու ստացել՝ 3 մլն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 մլն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 մլն 475 հազար դրամ և 1000 դոլար։

«Տղամարդիկ, սակայն, հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացիներից մեկը չի վստահել նրանց։ Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Միաժամանակ, ոստիկանությունը Արցախից Հայաստան տարհանված մեր հայրենակիցներին կոչ է անում վստահել բացառապես պատկան մարմիններին, իսկ այլ անձանցից նման առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմել իրավապահներին։