ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանի եռաստիճան դատական համակարգի բարձրագույն ատյանն այսուհետ կին կղեկավարի:
Ազգային ժողովն այսօր անցկացված փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին:
Ինչպես խորհրդարանի դահլիճում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, Լիլիթ Թադևոսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ԱԺ 102 պատգամավոր, դեմ՝ 1:
Նշենք, որ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը: Իսկ խորհրդարանում ԲԴԽ որոշումը ներկայացրել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Ստեփան Միքայելյանը, քանի որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն առողջական խնդիրների պատճառով արձակուրդում է։
Լիլիթ Թադևոսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Ավարտել է Երևանի պետական համալսարանը և դասավանդում է նույն բուհում: Ծնվել է 1978թ-ին: Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է որպես քննիչ, դատախազ, դատավոր: 2020թ.-ին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Քրեական գործ չի հարուցվի, մեղադրյալին կհսկեն էլեկտրոնային օղակով
Լիլիթ Թադևոսյանն էլ իր ելույթում կարևորեց դատավորների և դատարանների անկախությունը` ասելով, որ առանց դրանց խոսք չի կարող լինել արդարադատության մասին։
Հիշեցնենք, որ մինչ այս Վճռաբեկ դատարանի նախագահը Երվանդ Խունդկարյանն էր։ Նա, սակայն, նախորդ տարի վայր դրեց նախագահի լիազորություններն ու սեպտեմբերի 18-ին ընտրվեց ՍԴ դատավոր։