ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Գարունն արդեն մոտ է, ու երևանյան փողոցներում սկվել է, այսպես կոչված, «դեղին ձնծաղիկների» վաճառքը։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացել մայրաքաղաքի փողոցներում 250-300 դրամով վաճառվող ծաղկի մասին։ Ահազանգ, որովհետև «դեղին ձնծաղիկն» իրականում ձնծաղիկի հետ կապ չունի և ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Շտերնբերգիա Ֆիշերին» է։
Այն համարվում է կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:
«Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:
Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Շտերնբերգիա Ֆիշերի» բույսը Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին:
Նախարարությունից հիշեցնում են, որ Կարմիր գրքում գրանցված բույսերը ոչնչացնելու կամ հավաքելու համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես, կրիտիկական վիճակում գտնվող «Շտերնբերգիա Ֆիշերի» բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը 25 000 դրամ է, իսկ 200000 դրամը գերազանցելու դեպքում հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։
Ընթացքի ժամանակ ծխելու տուգանքները փոխվեցին. ԱԺ ընդունեց օրենքի նախագիծը