ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արարատի մարզում մանկահասակ տղայի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել են փոքրիկի մայրը, խորթ հայրը և խորթ տատը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12.50-ին, «Մասիս ԲԿ»-ից ահազանգել են, որ իրենց մոտ մահացած երեխա է տեղափոխվել`ծնված 01.08.2019թ.–ին։
Անմիջապես բժշկական կենտրոն և երեխայի բնակության վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասով:
Երեխայի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտավուն գույնի բազմաթիվ արյունազեղումներ և քերծվածքներ, իսկ կատարված դիահերձմամբ գլխուղեղին հայտնաբերվել է տարածուն արյունազեղում, կողմնային փորոքներում՝ հեղուկ արյուն: Ըստ դատաբժշկի եզրակացության՝ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից՝ գանգուղեղային փակ տրավմա ստանալու հետևանքով:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երեխայի մարմնական վնասվածքները, հնարավոր է, պատճառվել են նրա ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից:
Նախնական տվյալներով՝ վերջիններս 2021թ. հունվարից սկսած պարբերաբար հարվածներ են հասցրել փոքրիկի մարմնի տարբեր մասերին, իսկ 2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, երեխայի խորթ հայրը, չքնելու, անդադար լաց լինելու պատճառով ծեծել է նրան, հարվածներ հասցրել դեմքի և գլխի շրջանում, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, իսկ փետրվարի 7-ին նրա մոտ նկատել են թուլություն, որից հետո նա մահացել է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա որոշում է կայացվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործին միացնելու, մեկ վարույթում քննելու և նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու վերաբերյալ:
Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային
Մանկահասակ երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը և 41-ամյա խորթ տատը ձերբակալվել են խմբով՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
«Քաշիր ձեռքերդ». ինչպես է կատուն փրկել երեխայի կյանքը. տեսանյութ