«Նրա հանդեպ շատ հարգանքով էին». Գևորգ Պետրոսյանը տեսակցել է Վահան Բադասյանին

Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում մի հայտարարություն արեց ու հումորով հավելեց` գուցե իր հետևից էլ գան ասածի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հնչեցրած սպառնալիքը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով հեռացնելու առնչությամբ, իրատեսական չէ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` հավելելով, որ օրերս այցելել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Բադասյանին։

Բադասյանն օբյեկտիվորեն չէր կարող բնակության վայր ունենալ. փաստաբանը կբողոքարկի որոշումը

Հունվարի 28-ին Եռաբլուրում Բադասյանն ասել էր, որ Փաշինյանը պետք է վերանա և հեռանա։ Հարցին՝ իսկ եթե չհեռանա՞, պատասխանել էր` ուրեմն կհեռացնենք ֆիզիկապես։ Նույն օրը նա բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն ու ձերբակալվել: Իսկ հունվարի 29-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց։

«Ի պատիվ անվտանգության ծառայողների` պետք է ասեմ, որ Բադասյանի հանդեպ շատ հարգանքով էին։ Սակայն այսօր այդ մարդն ինչո՞ւ պետք է այդտեղ լինի։ Վրդովված մարդ է, չէ՞, ամեն ինչ կորցրել է, եկել է այստեղ, մի բան ասել։ Բա դրա համար մարդուն կկալանավորե՞ն։ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ արեց` Բադասյանն էլ որոշեց Արցախից գալ ու հայտարարել, թե նրան պիտի գնդակահարի՞»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` Բադասյան Վահանը կարող է չհասցնի էլ նման քայլի դիմել, կարող է` ուրիշ անողներ լինեն։ Պետրոսյանը կատակով ավելացրեց` այս հայտարարության համար այսօր իր հետևից էլ կգան։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պահանջում էին նաև, որ ազատ արձակվի Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։