Տիգրան Քեյանի դիտարկմամբ` երկու նախագծերն էլ, որպես այդպիսիք, երթևեկության թեթևացմանը չեն նպաստի։ Ըստ նրա` խնդիրն առնչվում է կենտրոնին և դրան հարող շրջանների ծանրաբեռնվածությանը, իսկ ծայրամասերում կարմիր գծերի կամ կայանատեղերի հարց այսպես թե այնպես չկար։
«Ըստ օրենքի` կայանատեղիների համար չվճարող քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելիս արդեն լուսանկարների վրա չեն հիմնվելու, այլ 15 րոպեանոց տեսանյութի, իսկ նման տեսանյութ կարող են տրամադրել միայն Կենտրոն և Արաբկիր շրջանների փողոցներից, որովհետև միայն դրանցում տեղադրված կարմի գծերն են կահավորված համապատասխան տեսանկարահանող սարքերով»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։
Քեյանի կարծիքով` ծառայողական կայանատեղիների պարագայում դրական է այն, որ անկանոն կայանված մեքենաների հարցը կլուծվի, ինչը դարձել է բեռ մայրաքաղաքի համար։ Հիմա վարձակալությամբ տրվող կամ վաճառքի հանված մեքենաները կտարհանվեն այն տարածքներից, որտեղ կայանելն արդեն չի թույլատրվում։ Ըստ նրա` սա որոշ չափով կնպաստի նաև երթևեկության կանոնակարգմանը։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի փոխանցմամբ` ծառայողական կայանատեղերը հատկացվելու են նպատակային, այսինքն` տրվելու են օրինակ հյուրանոցներին, ժամանցային վայրերին, առևտրի կենտրոններին, որտեղ կա մարդկանց մեծ հոսք։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ մեքենաների թվաքանակը սրընթաց ավելանում է, և կարող են լինել ուրբանիզացիոն բնույթի խնդիրներ, ապա Քեյանն ընդգծեց, որ քաղաքային իշխանությունը շատ անելիքներ ունի, ինչպես նաև կարևորեց մայրաքաղաքում շրջանցիկ ճանապարհներ կառուցելու խնդիրը, ինչի շնորհիվ կենտրոնը զգալիորեն կթեթևանա։
Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել կարմիր գծերը: Դրանից բացի Երևանի քաղաքապետարանն այլևս երկու լուսանկարի միջոցով չի կարողանա տուգանել քաղաքացիներին: Oրենքի նախագիծը հունվարի 20-ին ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով: Այն առաջարկել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արուսյակ Ջուլհակյանը։
Կարմիր գծերն իրենց սպառել են. փորձագետը` Երևանի վճարովի կայանատեղիներից հրաժարվելու մասին
Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ էդգար Գալստյանն ավագանու նիստում ներկայացրեց 2013-ից 2020 թվականի ընթացքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին ավագանու որոշման նախագիծը, որն ընդունվեց: