Ադրբեջանական գերությունից այսօր հայրենիք վերադարձած 5 ռազմագերիներից մեկը Մասիսից է, մյուսները՝ Գյումրիից։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց մի տղամարդ, որը չցանկացավ նշել իր անուն, ազգանունը, միայն ընդգծեց՝ ռուսական զորակազմից է։
«Բոլոր գերիները ողջ-առողջ են»,- նշեց տղամարդը։
Նա հավելեց, որ հայրենիք վերադարձած գերիներին տեղափոխել են հոսպիտալ՝ բուժզննման նպատակով։ Եվս մեկ անգամ ընդգծեց՝ նրանց հետ ամեն ինչ կարգին է։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե այսօր Բաքվից Երևան 20-ից ավելի ռազմագերիներ են վերադարձվելու։ «Էրեբունի» օդանավակայանի մոտ ժամեր շարունակ հավաքված էին ադրբեջանական գերության մեջ գտնվողների հարազատները՝ հույսով, որ վերադարձողների թվում նաև իրենց հարազատն է լինելու։
Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ այսօր Հայաստան է վերադարձել 5 ռազմագերի։