ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Կառավարությունն այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի 1303 պատերազմի մասնակից ուսանողներին, մասնակիցների ուսանող զավակներին, ամուսնուն կամ կնոջը։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով:
«1303 ուսանողներից 70-ը սովորում են միջին մասնագիտական, մյուսները` բարձրագույն ուսումնական հաստատություններում»,–նշված է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, նշվում է, որ փոխհատուցման գործընթացը շարունակական է լինելու:
Հիշեցնենք, որ փոխհատուցման մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի նիստում:
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե սովորողն անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը, զավակները մասնակցել են մարտական գործողություններին:
Շվեդիան պատրաստ է քննարկել հայ ուսանողներին նոր կրթաթոշակներ տրամադրելու հարցը
Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով, կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ: Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):