ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հուսով է, որ ԵՏՄ երկրները շուտով կսկսեն աշխատել գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի նախագծի վրա: Sputnik Բելառուսի փոխանցմամբ՝ Գոլովչենկոն խոսել է այդ մասին «Բելառուս-1»-ի եթերում։
Գազի հարցը Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի առանցքային թեմաներից մեկն է եղել, որին մասնակցել է նաև Բելառուսի վարչապետը:
«ԵԱՏՄ պետությունների ղեկավարները բարձրագույն խորհրդում կայացրել են մինչև 2025 թվականը ինտեգրման զարգացման ռազմավարության վերաբերյալ որոշում։ Այժմ Ռուսաստանի Դաշնությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տրված հանձնարարականներին համապատասխան, գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագիր է պատրաստում»,- նշել է Գոլովչենկոն։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ուշադրություն է դարձվել այն բանին, որ անհրաժեշտ է արագացնել այդ աշխատանքը։ «Ու ռուս գործընկերները ըմբռնումով են մոտենում դրան։ Ուստի կարծում եմ, որ շուտով մենք արդեն աշխատանքի կանցնենք գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի նախագծի վրա», - ասել է Գոլովչենկոն։
2020 թվականի վերջին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ասել էր, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը կարող է պատրաստ լինել 2021 թվականին, իսկ ստորագրումը սպասվում է 2022 թվականին:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Գազի և նավթի միասնական շուկայի դեպքում Հայաստանի համար կստեղծվի ձեռնտու իրավիճակ
Ավելի վաղ նախատեսվում էր, որ ԵԱՏՄ-ում նավթի ու գազի միասնական շուկաները կսկսեն գործել 2025 թվականին: