ՌԱԴԻՈ

Մթերքի անկանխատեսելի կամ գերգնաճային դրսևորումներ կլինե՞ն. փորձագետը`թանկացումների մասին

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առաջին անհրաժեշտության մթերքների գնաճին և դրանով պայմանավորված տնտեսական իրողություններին։
Sputnik
Մթերքի անկանխատեսելի կամ գերգնաճային դրսևորումներ կլինե՞ն. փորձագետը`թանկացումների մասին

Արմեն Քթոյանի դիտարկմամբ` անհրաժեշտ է խնդրին նայել գնաճի բաղադրիչներից ելնելով։ Եթե, օրինակ, նայում ենք տարեկան գնաճի կտրվածքով, ապա դրանում զգալի մասնաբաժին ունի միրգ–բանջարեղենի գների ավելացումը, իսկ եթե ընդհանուր առմամբ դիտարկենք խնդիրը, ապա ճգնաժամային իրավիճակում գտնվող տնտեսության համար գների վրա ճնշումների ուժեղացման տարբեր գործոններ, լծակներ կան, որոնք ըստ էության սկսել են աշխատել, ինչն էլ բերել է գնաճի։

Սննդամթերքն ամբողջ աշխարհում թանկանում է. ՄԱԿ-ի պարենային կազմակերպություն

«Գնաճը կշարունակվի իր կանխատեսվող միջակայքում, և մենք չենք ունենա անկանխատեսելի կամ գերգնաճային դրսևորումներ։ Քանի որ գներն, այսպես ասած, ազատ լողացող են և պարենամթերքի պարագայում կարգավորվող գներ չեն կիրառվում, հետևաբար կառավարությունը ֆորմալ դրանց վրա ներգործելու հնարավորություն չունի։ Գների վրա ազդելու լծակներ և իրավասություն ունի Կենտրոնական բանկը, որն իր գործիքակազմով փորձում է լուծել խնդիրները»,– նշեց տնտեսագետը։ 

Քթոյանի կարծիքով` ամենևին այնպես չէ, որ առանձին ամիսներին առանձին ապրանքների գները տատանումներ չեն կարող արձանագրել։ Այդ առումով առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում մեծ կախվածություն ունենք, օրինակ, արտաքին շուկաներից, որտեղ կարող են լինել սեզոնային տատանումներ։ Ըստ նրա` առանձին մթերքների պարագայում կարող են էական նշանակություն ունենալ նաև բերքատվության ծավալներն ու լոգիստիկ խնդիրները, կամ էլ համաշխարհային պարենի շուկայում կարող է այդ ապրանքատեսակների գնաճ տեղի ունենալ։    

2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ. թանկացումներ էլի են սպասվում

«Գնաճի վրա անշուշտ որոշակի ազդեցություն ունի դրամի արժեզրկումը և ի սկզբանե էլ հայտնի էր, որ դրամի արժեզրկման հնարավոր հետևանքներից մեկն էլ կլինի ներմուծվող ապրանքատեսակների գների բարձրացումը։ Ներմուծումն այս դեպքում թանկանում է, ինչը ևս ազդեցություն է ունենում գների վրա»,– նշեց տնտեսագետը։

Քթոյանի գնահատմամբ`գների վրա ազդելու կառավարության գործիքակազմը մրցակցային միջավայրն առողջ պահելն է և հակամրցակցային դրսևորումները խափանելը։ Ըստ նրա` տարբեր գնահատականների համաձայն` մրցակցային միջավայրն ավելի ակտիվ է, քան նախկինում էր, բայցևայնպես կան նաև օբյեկտիվ սահմանափակումներ, որոնք հնարավորություն չեն տալիս, որպեսզի մրցակցային միջավայրը միանգամից ինստիտուցիոնալ առումով զարգանա։