«Իր նման տղերքը պիտի ապրեին». ինչպիսին են հիշում Սևակին հարազատներն ու հարազատ դպրոցը

Սևակ Մնացականյանը արցախյան 2–րդ պատերազմի 1–ին կամավորներից էր։ Այսօր նա կդառնար 33 տարեկան։ Նրա հիշատակին տասնյակ մարդիկ էին հավաքվել Ջրվեժի միջնակարգ դպրոցում, որտեղ Սևակն աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ֆիզկուլտուրայի դահլիճն անվանակոչվեց նրա պատվին։
Sputnik

«Գոտեպնդվե՛ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշեք նրանց»... Հերոս Սևակ Մնացականյանի վերջին գրառումն է սոցցանցային իր էջում։

«Իր նման տղերքը պիտի ապրեին». ինչպիսին են հիշում Սևակին հարազատներն ու հարազատ դպրոցը

Արցախի «Եղնիկների» պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհվեց «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը՝ Սևակ Խոյեցին:

«Իր նման տղերքը պիտի ապրեին». ինչպիսին են հիշում Սևակին հարազատներն ու հարազատ դպրոցը

Այսօր Սևակի ծննդյան օրն է։ Նրա սիրելի աշակերտները, հարազատները հավաքվել են Ջրվեժի միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատում էր Սևակը։ Դպրոցում հանդիսավոր հիշատակի միջոցառում էր, որից հետո Սևակի հարազատ ֆիզկուլտուրայի դահլիճն անվանակոչվեց նրա պատվին։

«Իր նման տղերքը պիտի ապրեին». ինչպիսին են հիշում Սևակին հարազատներն ու հարազատ դպրոցը

Սևակը Կոտայքի մարզի Քաղսի համայնքից էր, հայտնի է իր մարզական հաջողություններով և հայրենանվեր գործունեությամբ։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Հիմնելով «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիան, Սևակը նպատակ ուներ զարգացնելու ազգային մարտարվեստը, վերականգնելու ազգային մարտարվեստի մոռացված հնարքներն ու շարժումները, ու այն սերնդեսերունդ փոխանցել։

«Իր նման տղերքը պիտի ապրեին». ինչպիսին են հիշում Սևակին հարազատներն ու հարազատ դպրոցը

Նա հավատում էր, որ ազգային մարտարվեստի կայացումը մեր հասարակության ֆիզիկական դաստիարակման ու զարգացման հիմնաքարն է, առանց որի հնարավոր չէ ունենալ հասարակության՝ երիտասարդների ու պատանիների ֆիզիկական պատրաստության պահանջները բավարարող համակարգ։

«Սևակը ուժ էր, կյանք էր ու էս աշխարհում ամեն ինչն էր սիրում. ծառը, թուփը, հողը ու այն ամենն ինչ կապված էր Հայաստանի`իր հայրենիքի հետ։ Ասում էր`մամա, ես զինվորներ եմ պատրաստելու։ Հասցրեց շատերին դաստիարակել, իր հետ արշավների էր տանում, ասում էր` թող Հայաստանի ամեն մետրը ճանաչեն, որ իրենց համար թանկ լինի, որ իրենցը լինի։ Կուզեմ, որ Սևակիս աշակերտները լավ մարդ դառնան, Սևակս միայն ուրախ կլինի»,–հուզված ասաց Սևակի մայրը`Նորա Զաքևոսյանը։

Հիշատակի միջոցառմանը ներկա էր նաև Սևակի տատիկը` Սոնիկ Շահբազյանը։

«Իր նման տղերքը պիտի ապրեին». ինչպիսին են հիշում Սևակին հարազատներն ու հարազատ դպրոցը

«Իմ բալեն գործը կիսատ թողեց, իր նման տղերքը պիտի ապրեին, պայքարեին, որ մեր վաղվա հաղթանակը կերտեին»,–ասում է Սոնիկ տատն ու ձեռքը թափ տալիս անճարությունից։

Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում

Դպրոցում միջոցառման նախաձեռնությունը տնօրեն Լիլիթ Վարդայանինն է։ Նա վստահ է`մի քանի բառով Սևակի մասին պատմելն ուղղակի անհնար է։

«Այսօր Սևակի ծննդյան տոնն է ու բոլորը պետք է իմանան այդ մասին։ Մեր կյանքում Սևակներ կան, ու նրանք պիտի հիշվեն։ Սևակը սեպտեմբերի 27–ին եկավ իմ աշխատասենյակ, ասեց` Վարդանյան ջան, գնում եմ։ Նայեցի երեսին` ասեցի գնա։ Միակ բանը, որի համար փոշմանում եմ , դա է, որ ուրիշ ոչինչ չասեցի... Իր մահից 3 օր առաջ զանգեց ինձ, ասաց` էլ ոչ ոքի հետ չվիճեք, չտխրեք, չխեղճանաք. ամեն ինչ լավ է լինելու։ Ու ես հավատում եմ Սևակի խոսքերին, Սևակի խոսքի ուժին. ամեն ինչ լավ է լինելու»,– ասում է տնօրենը։

Մինչ բոլորն արցունքներով են հիշում Սևակին, նրա որդին` 3–ամյա Մհերն ու 1–ամյա դուստրը` Սյունեն, ժպիտով են նայում հայրիկի լուսանկարներին, որոնք միջոցառման ողջ ընթացքում փոխվում են պատի վրա։

4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է