Երկրաշարժից Գեղարքունիքում վնասվել են բնակելի շինություններ, դպրոցներ, խանութներ. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետի խոսքով`վաղ առավոտից մարզպետարանի աշխատակիցները, ԱԻՆ աշխատակիցները, համայնքապետները աշխատանքներ են տանում երկրաշարժի հետևանքով առաջացած վնասներն արձանագրելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզում երեկ` փետրվարի 6–ին, ժամը 19։36–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի շինություններ, գործող դպրոցներ, խանութներ, ավտոտնակներ, անասնագոմեր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հայաստանում և հարակից տարածքներում առաջիկա օրերին կարող են կրկին երկրաշարժեր լինել. ԱԻՆ

Նրա խոսքով`վաղ առավոտից մարզպետարանի աշխատակիցները, ԱԻՆ աշխատակիցները, համայնքապետները աշխատանքներ են տանում երկրաշարժի հետևանքով առաջացած վնասներն արձանագրելու ուղղությամբ։

«Մենք առաջնահերթ պետք է գործող դպրոցներին ուշադրություն դարձնենք, որովհետև դրանք հիմնականում հին շենքեր են և պատերի վրա ճաքեր են առաջացել։ Հաշվի ենք առնում, որ երեխաներն այնտեղ երկուշաբթի պետք է դասապրոցեսին մասնակցեն»,–ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ համայնք առ համայնք արձանագրվելու է քաղաքացիների կրած վնասը։ Ինչ վերաբերվում է վնասների փոխհատուցմանը` այդ մաին խոսելըդե վաղէ։

«Հատուկ հանձնաժողովը վնասի գնահատում կիրականացնի, այնուհետև կուղարկեն մարզպետարան, համապատասխան թղթերը մենք էլ կուղարկենք կառավարություն, որտեղ էլ կնշենք, թե որ համայնքն ինչ վնասներ է կրել և հանձնաժողովն ինչ է արձանագրել, որից հետո արդեն կառավարությունում կքննարկեն, թե ինչ պետք է արվի»,–ասաց նա։

Հիշեցնենք`երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր հոսանքի մատակարարումը։

Գեղարքունիքում երկրաշարժից որոշ շինություններ են քանդվել, ընդհատվել է էլեկտրամատակարարումը

Հիշեցնենք`փետրվարի 5-ին, ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-ից 6-ը (ժամը 11։00-ի դրությամբ), որից 5 հատը՝ M≥2.5 (բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը):

Երկրաշարժ է գրանցվել նաև այսօր` փետրվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 11:49-ին։ Այն զգացել են նաև Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում։

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում երկրաշարժ է զգացվել