ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանաբնակ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը, խոստովանել է, որ ցանկանում է իր հաղթանակները նվիրել պատմական հայրենիքին, հաղորդում է Սպորտ էքսպրեսը:
Ռուսաստանի պատանեկան առաջնությունում Ադելիան հանդես է եկել «Արցախ» կոմպոզիցիայի ներքո:
«Ես հայրական կողմից հայուհի եմ։ Ինձ համար շատ կարևոր է, որ երբ ես սահում եմ ծրագրով, քաջալերեմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է իմ երակներում, և որ Արցախը վերադարձնեն Հայաստանին», - ասել է պատանի գեղասահորդուհին։
Ադելիան ինքը Արցախում չի եղել, բայց սառույցի վրա իր հաղթանակները ցանկանում է նվիրել պատմական հայրենիքին։
«Բացի այդ, բոլորովին վերջերս` երբ ես պատրաստում էի այս ծրագիրը, մահացավ իմ հայ տատիկը։ Եվ ինձ համար դա էլ է կարևոր։ Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է այս ծրագիրը բեմադրել Դանիել Մարկովիչ Գլեյխենհաուզը, որքան լավ է այն ստացվում»,-ասել է Պետրոսյանը։
Նշենք, որ երեկ` փետրվարի 4-ին, Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում նվաճել է պատանիների երկրի առաջնության արծաթե մեդալը:
«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար