Թանկ հաճույք կամ ընդամենը մեկ քայլ. ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում բասկետբոլը զարգանա

Կորոնավիրուսի պատճառով անցյալ տարի Հայաստանի բասկետբոլի առաջնությունը ավարտին չհասավ, սակայն ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները լավատեսորեն ու վճռական են տրամադրված ապագայի հանդեպ։ Նրանք խոսել են մարզաձևի հեռանկարների ու զարգացման խնդիրների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանում բասկետբոլը կարող է կայանալ, և այդ առումով արդեն իսկ առաջընթաց կա կազմակերպչական ու մրցակցային առումով։ ՀՀ գավաթի եզրափակիչ խաղի նախաշեմին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բասկետբոլի լիգայի նախագահ Արա Պողոսյանը` անդրադառնալով Հայաստանի բասկետբոլի «Ա» լիգային ու գավաթի եզրափակիչ խաղին։ Նրա խոսքով` նախկին վեց թիմերի փոխարեն այժմ բարձրագույն լիգայում հանդես է գալիս ութ թիմ։

Թանկ հաճույք կամ ընդամենը մեկ քայլ. ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում բասկետբոլը զարգանա

«Վահագնի Սիթի» և «Մեդ ֆոքսիս» թիմերը նորեկներ են «Ա» լիգայում, ունեն զարգացման հավակնոտ ծրագրեր, երկուսն էլ ցանկանում են կառուցել սեփական մարզահամալիրներ և տնային հանդիպումներն անցկացնել այնտեղ։ Նրանք բարձրագույն լիգայի առաջատարներն են, համալրված են ուժեղ բասկետբոլիստներով»,– ասաց լիգայի նախագահը։

Պողոսյանը վստահեցրեց` Հայաստանի առաջնությունն ընթանում է թեժ պայքարում, զգալիորեն բարձրացել է մրցակցության որակը, և այս տարի լիգան կունենա նոր չեմպիոն։ Նա ցույց տվեց նաև հայկական օբսիդիանից պատրաստված նոր գավաթը, որը եզրափակիչ խաղում կվիճարկեն «Վահագնի Սիթի» և «Մեդ ֆոքսիս» թիմերը։

Թանկ հաճույք կամ ընդամենը մեկ քայլ. ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում բասկետբոլը զարգանա

«Կորոնավիրուսի պատճառով անցյալ տարի չկարողացանք ավարտին հասցնել առաջնությունը, որոշում ընդունվեց ոչ մի թիմի չեմպիոն չհայտարարել։ Այս տարի առաջնությունը նորից մեկնարկեց, մեր երկու առաջատար ակումբներն արդեն հասցրել են միավորներ կորցնել մյուս մրցակիցների հետ խաղերում, ինչի պատճառով առաջնության ելքը դարձել է անկանխատեսելի»,– նշեց բասկետբոլի լիգայի նախագահը։

Պողոսյանը հայտնեց, որ ցանկանում են այս տարվա մարտին կազմակերպել Եվրասիական լիգայի մրցախաղեր, որպեսզի հայկական թիմերը կարողանան մրցունակ լինել և հանդես գալ միջազգային ասպարեզում, բայց նաև նշեց, որ օրինակ Եվրագավաթների խաղարկություններին մասնակցելը բավական թանկ հաճույք է, պետք է սպասել` հաշվի առնելով հնարավորությունները, թեև երկու առաջատար ակումբներն էլ ցանկություն են հայտնել մասնակցելու եվրոպական ստուգատեսներին։ Ըստ լիգայի նախագահի` մասնակցությունը կապված է հսկայական գումարների հետ, որոնք անհամեմատելի են Հայաստանում շրջանառվող գումարների հետ։

Թանկ հաճույք կամ ընդամենը մեկ քայլ. ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում բասկետբոլը զարգանա

«Միջազգային հանդիպումները պարտադիր պայման են ազգային լիգաների զարգացման համար։ Եթե թիմերից մեկը հանդես է գալիս միջազգային մրցաշարում, Հայաստանի բոլոր բնակիչները դառնում են նրա երկրպագուները, նույնիսկ նրանք, ովքեր չեն նախընտրում այս մարզաձևը։ Նշանավոր բասկետբոլիստներն իրենց հերթին կհասկանան, որ սա ինչ–որ հարթակ է հետագա առաջընթացի համար։ Այդուհանդերձ մասնակցության հարցը պետք է լուծեն ակումբները` ելնելով իրենց հնարավորություններից»,– նշեց լիգայի նախագահը։

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են

Անդրադառնալով Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականին` Պողոսյանը տեղեկացրեց, որ մեր ընտրանին պաշտոնական վերջին մրցախաղն անցկացրել է 2018 թվականին Դանիայի հավաքականի հետ։ Թեև Հայաստանի հավաքականն ուներ որակավորման փուլը շարունակելու հնարավորություն, սակայն հիմնականում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չկարողացավ շարունակել մրցելույթները միջազգային ասպարեզում։

«Ես այդ նախագծի մեջ էի, և ինձ համար կյանքի խնդիր է, որ ազգային հավաքականը նորից կայանա։ Կարծում եմ, որ «Ա» լիգան դրան մեծապես կնպաստի` օժանդակելով առաջատար բասկետբոլիստներին, որպեսզի նրանք այդտեղ նույնպես հանդես գալու տեղ ունենան։ Հայաստանի հավաքականի խաղացողների կեսից ավելին վերադարձել են, նրանք պատրաստ են մրցելույթները շարունակել տեղի ակումբներում։ Նրանցից են Ալբերտ Թադևոսյանը, Վարդան Պետրոսյանը, Թադե Քեշիշյանը, Արկադի Մկրտչյանը, Արտյոմ Թավաքալյանը։ Մենք միշտ կապի մեջ ենք բոլոր հավակնորդների, թեկնածուների հետ։ Մնում է մեկ քայլ անել և լուծել ֆինանսավորման խնդիրը։ Մենք անցանք ճանապարհ և հիմա ցանկություն կա շարունակելու հետագա մրցելույթները»,– նշեց լիգայի նախագահը։

Հենրիխ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ պայմանագիրը

Պողոսյանի տեղեկացմամբ` ՖԻԲԱ–ն որոշ չափով աջակցում է Հայաստանին, լիգայի ղեկավարությունն իր հերթին բանակցություններ է վարում նաև պոտենցիալ հովանավորների հետ, թեև գումարներ հայթայթելը բավականին դժվար է, բյուջեն կորոնավիրուսի պայմաններում և պատերազմից հետո կրճատվել է։

Ասուլիսին ներկա «Վահագնի Սիթի» և «Մեդ ֆոքսիս» թիմերի մարզիչներ Օգնեն Մոլևիչը և Արեգ Վաթյանը նույնպես կարևորեցին ֆինանսական միջոցների ներդրումն այս մարզաձևում, ինչպես նաև անդրադարձան հայ և լեգեոներ բասկետբոլիստների հարաբերակցությանն առնչվող սահմանափակումներին, որոնք միտված են տեղի կադրերի կայացմանն ու առաջընթացին։ Արեգ Վաթյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ «Ա» լիգային մասնակցող ակումբներն ունենան մանկապատանեկան թիմեր, հնարավորության դեպքում նաև կանանց թիմեր, ինչը կնպաստի մարզաձևի հետագա զարգացմանը։

Հակառակորդները հարգանքով են վերաբերվում միմյանց, պատրաստ են եզրափակիչ մրցախաղին, որը կայանալու է վաղը նախկին «Միկա» մարզադահլիճում։ Երկրպագուների մուտքը չի արգելվի, բայց դիմակով ներկայանալը պարտադիր պայման է։