ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մի քանի շինություններ են ավերվել։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև հոսանքի մատակարարումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով, այս տեղեկություները դեռ նախնական են։ «Ավերածությունների մասին երևի առավոտյան ավելի հստակ պատկեր կունենանք։ Բայց նախնական տվյալներով՝ որևէ խոշոր շինության խոշոր ավերածություն չունենք»,– ասաց մարզպետը` հստակեցնելով, որ քանդված շինությունները նախնական տվյալներով՝ 2-3 հին, չշահագործվող գոմեր են եղել` Շորժա և Արտանիշ գյուղերում։
Նախնական տվյալներով՝ դրանք այդ պահին դատարկ են եղել։ Կենդանիները երկրաշարժից չեն տուժել։
Նույն տարածքում մարզպետի խոսքով նաև հոսանքի անջատում է տեղի ունեցել։ «Լարերը հավանաբար կտրվել կամ իրար էին կպել։ Բայց հիմա արդեն վերականգնվել է»,– ասաց Սանոսյանը։
Երկրաշարժից հետո, մարզպետի խոսքով, մարզի բնակչության շրջանում խուճապային տրամադրություն եղել է, բայց այս պահին արդեն հարաբերականորեն հանգիստ է։
«Հատկապես, որ հոսանքի մատակարարումը վերականգնվեց, դա նույնպես նպաստեց խուճապի չտարածմանը»,– ասաց նա։
Վիրավորների ու տուժած քաղաքացիների մասին այս պահին տվյալներ չկան։
Մարզպետը նշեց, որ մեր զրույցի պահին մարզի հիվանդանոցներ, բուժհիմնարկներ դիմողներ չեն եղել։
Կրկին երկրաշարժ է եղել. Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ
Հիշեցնենք` փետրվարի 5-ին Երևանի ժամանակով ժամը 19:36-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գրանցվել էր երկրաշարժ, որը զգացվել էր նաև Հայաստանի այլ մարզերում ու մայրաքաղաք Երևանում։
ԱԻՆ լրատվական ծառայության հայտնած տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մակերևույթից 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Գեղարքունիքի մարզում այն զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ: