Ամուսնության նպատակով աղջկան Գորիսում 2 անգամ առևանգել է. մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. 20-ամյա աղջկան առևանգելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

 Մասնավորապես, Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան:

Անօժիտ աղջիկ չէր ուզում, բայց... Մոսկվայում ղրղզստանցին փախցրել է հարսնացուին

Երիտասարդն ամուսնության նպատակով 20-ամյա աղջկան առևանգելու համար սկզբում դիմել է իր երկու ընկերներին, որոնց հետ 2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են աշխատավայր գնացող աղջկան և հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենան և տեղափոխել  Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղից ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն:

Առևանգումից շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին ստանալով մերժում, երիտասարդն իր երկու բարեկամների հետ 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել է աղջկան, հարկադրաբար նստեցրել հիշյալ ավտոմեքենան և տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը:

Արմավիրի մարզում 8–րդ դասարանցի աղջկա են փախցրել

«Նախաքննության ընթացքում 20-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ, առերեսումներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: