ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանի բանկային համակարգում վարկերի չվճարման տոկոսը 2020 թ.-ի նոյեմբերին կազմել է 6,32 տոկոս: Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերին այն կազմում էր 5,40%։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության մեջ։
Ինչպես և սպասվում էր, ամենից շատ աճել են սպառողական վարկերի չվճարումները (դրանք կազմում են հանրապետությունում ամբողջ վարկային պորտֆելի մոտ մեկ քառորդը): Դրանք սկսել են աճել դեռ տարեսկզբին, կորոնավիրուսի համավարակի ընթացքում. եթե 2019 թվականի դեկտեմբերին սպառողական վարկերի գծով չվճարումները կազմել են 6,5 տոկոս, ապա 2020-ի նոյեմբերին՝ արդեն 13 տոկոս։
Այդ վարկերի մի մասը վարկառուները չեն կարողանում վճարել աշխատանքի կորստի կամ դրա պայմանների վատթարացման պատճառով, մյուս մասը՝ տուժած զինծառայողների վարկերը չեղարկելու հետևանքով։ Այդ գործընթացը սկսվել էր նոյեմբերին և շարունակվում է մինչև օրս։ Չվճարման ևս մեկ պատճառ է 2019թ․-ին՝ ներկրման ցածր մաքսատուրքերի վերջին տարում, զանգվածաբար ձեռք բերված մեքենաների գնումը։ 2020թ․-ի բոլոր դժվարությունների պատճառով այդ մեքենաների մի մասը կամ առհասարակ չի իրացվել, կամ վաճառվել է ավելի ցածր գնով, քան հույս ունեին վաճառողները։
Ավելացել են նաև հիփոթեքային վարկի չվճարումները, բայց դրանք առայժմ համեմատաբար շատ չեն (քանի որ վարկառուների գնահատումն այստեղ ավելի խիստ է իրականացվում, իսկ նրանց եկամուտները, որպես կանոն, միջինից բարձր են)։ 2019թ․-ի դեկտեմբերի չվճարումները կազմել են մոտ 1,7%, իսկ 2020թ․-ի նոյեմբերի արդյունքներով՝ 2,9% (ընդհանուր պորտֆելում հիփոթեքային վարկերը կազմում են 10%-ից մի փոքր ավելի)։
Ավելացել են նաև ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական վարկերի չվճարումները՝ 4,5%-ից հասնելով 6,3%-ի։ Բոլոր ֆերմերային վարկերի մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում 5%-ից մի փոքր պակաս է։
Միաժամանակ կրճատվել է արդյունաբերության (8,3%-ից մինչև 7,4%) և անգամ շինարարության (2,2%-ից մինչև 1,2%) չաշխատող վարկերի քանակը, չնայած շինարարությունն ավելի ուժեղ է արձագանքում բնակչության եկամուտների նվազմանը։ Ընդհանուր պորտֆելում արդյունաբերության ու շինարարության մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար 8% և 7%-ից մի փոքր պակաս։
Անգամ ճգնաժամից ամենաշատը տուժած ոլորտներում՝ առևտրում և «HoReCа»-ում (հյուրանոցա-ռեստորանային բիզնես) խնդրահարույց վարկերը շատ չեն ավելացել․ առաջին դեպքում՝ 4,1-ից մինչև 4,3%, երկրորդ դեպքում՝ 9%-ից մինչև 9,5%. Վարկերի ընդհանուր պորտֆելում առևտրի մասնաբաժինը կազմում է մոտ 13%, «HoReCa»-ինը՝ 5%-ից մի փոքր պակաս։
Մեկ տարվա ընթացքում աճել է կոմունալ ծառայությունների օպերատորներին չվճարման տոկոսը՝ 2,3%-ից մինչև 5,8%։ Դրա մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում կազմում է մոտ 5%։
Վերջապես, կապի և ՏՏ ընկերությունների, ինչպես նաև ֆինանսական ոլորտի ընկերությունների շրջանում չվճարումներն ավանդաբար զրոյական են մնում (նրանց մասնաբաժինը վարկերի ընդհանուր պորտֆելում կազմում է համապատասխանաբար մոտ 1,6% և 7%-ից մի փոքր պակաս)։
Այսպիսով, բիզնեսը վարկերի ավելի քիչ չվճարում ունի, քան բնակչությունը։ Պատճառները կարող են երկուսը լինել․ առաջինը՝ բիզնեսը, որպես կանոն, ավելի պարտաճանաչ է վճարում պարտքերը (դրա համար ընկերություններում ֆինանսական բաժիններ կամ առնվազն հաշվապահներ կան, որոնք հիշեցնում են, որ պետք է վճարել)։ Երկրորդը՝ Հայաստանում (ինչպես և շատ այլ երկրներում) ավել հեշտ է մարդկանց հեռացնել աշխատանքից, քան չվճարել բանկերին։
Մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի տույժ–տուգանքները կներվեն
Հիշեցնենք՝ 2020թ․-ի հոկտեմբերին պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը 2018թ․-ի իշխանափոխությունից հետո առաջին անգամ կրճատվել էր գրեթե 10 հազարով՝ հասնելով 622 հազարի։