Ստիպված են եղել քնել նստարանին․ Ռուսաստանից արտաքսված հայերը դեռ «Զվարթնոցում» են

Արտաքսված հայերի թվում է նաև 4-ամյա երեխա, որը, հնարավոր է, մինչև հինգ տարի ժամկետով չկարողանա ՌԴ մեկնել՝ այնտեղ ապրող հոր մոտ։
Sputnik

Ռուսաստանից արտաքսված ՀՀ քաղաքացիները շարունակում են մնալ «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրանց մի մասը պահանջում է վերականգնել տոմսը և վերացնել ՌԴ մուտքի արգելքը, մյուս մասն էլ մտադիր է դատի տալ օդանավակայանին և ստանալ ինչպես նյութական, այնպես էլ բարոյական փոխհատուցում: Արտաքսված հայերի թվում է նաև 4-ամյա երեխա, որը, հնարավոր է, մինչև հինգ տարի ժամկետով չկարողանա ՌԴ մեկնել՝ այնտեղ ապրող հոր մոտ։

Արտագնա աշխատանքի մեկնածներին Մոսկվայից հետ են ուղարկել. նրանք պատասխան են պահանջում

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի մի քանի քաղաքացիների արտաքսել են Մոսկվայից «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածի հետ կապված խնդիրների պատճառով: Քաղաքացիների խոսքով՝ իրենք ներբեռնել են հավելվածը, լաբորատորիաներում կորոնավիրուսային թեստ հանձնել, գնել Nordwind Airlines ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթի տոմսեր, այսինքն՝ արել են այն, ինչ պահանջվում էր։ Չնայած ծրագրի խափանումներին՝ նրանց թույլ են տվել թռնել։

Ավելի ուշ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ նշված քաղաքացիներին չի արգելվել  ինքնաթիռ նստել, քանի որ եղել է  ավիաընկերության թույլտվությունը: Նրանք պատասխանատվություն են վերցրել քաղաքացիների համար։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է տուժողներից մեկը, Հայաստանի քաղաքացիները Մոսկվայի օդանավակայանում ստիպված են եղել քնել նստարանին։ Նա տարակուսանք է հայտնում, թե ինչու են իրենց թույլ տվել Երևանում օդանավ նստել, եթե գիտեին, որ ՌԴ-ում կարող են խնդիրների բախվել։ Կինը մտադիր է դատի տալ «Զվարթնոցին» և պահանջել նյութական և բարոյական փոխհատուցում։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Մեկ այլ արտաքսված ՀՀ քաղաքացի նշել է, որ Ռուսաստան է մեկնել արտագնա աշխատանքի։

««Զվարթնոցում» մեզ ասեցին, որ QR կոդը չի երևում, բայց մեկ է` թողեցին գնանք, թռնենք։ Տոմսերը միլիոն արժեն։ Որ էդքան փող ունեինք, էլ ինչի էինք Ռուսաստան գնալու։ Պարզ չի, որ պարտք ենք արել ու հիմա՝ չգիտենք ոնց կլինի», - ասաց նա։

Արտաքսվածներից մեկն էլ պատմել է, որ ռուս մաքսավորներն իրենց ասել են՝ թե Հայաստանում իրենց խաբել են։

Հիշեցնենք՝ Հայաստանի քաղաքացիները փետրվարի 1-ից կարող են Ռուսաստան մեկնել  «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածն ու կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում։