Պատրաստ ենք նաև ռուսական պատվաստանյութ գնել. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ՀՀ առողջապահության նախարարն ու Ռուսաստանի դեսպան խոսել են համագործակցության ու պատվաստանյութերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Սպուտնիկ V»–ի շուրջ դեռ բանակցում ենք. ինչո՞ւ է Հայաստանը այլ պատվաստանյութ ընտրել

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները:

Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:

Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցել են:

«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը: