ՀՀ քաղաքացիները ո՞ր դեպքում կարող են մուտք գործել Վրաստան. ԱԳՆ–ն պարզաբանում է տարածել

COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայությունը բավարար չէ Վրաստան մեկնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայկական մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում, ՀՀ արտգործնախարարությունն այդ առնչությամբ պարզաբանում է տարածել։

«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ–ն շեշտում է` ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։

Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

«Սպուտնիկ V»–ի շուրջ դեռ բանակցում ենք. ինչո՞ւ է Հայաստանը այլ պատվաստանյութ ընտրել

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ  Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։