Զգույշ եղեք Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտություններում. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում մեկ անգամ ևս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik.Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը բոլոր երկրներին և կազմակերպություններին հորդորում է առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին, ինչպես նաև վիրավորել հազարավոր մարդկանց զգացմունքները:

Սիրիացի գրոհայինները պետք է լքեն Ղարաբաղյան հակամարտության գոտին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 

«Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների և որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շնորհավորանքների վերաբերյալ»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ գերատեսչությունը հարկ է համարում մեկ անգամ ևս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների. սպանվել և վիրավորվել են հայազգի հազարավոր անմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհայտ կորել են, այժմ գտնվում են գերության մեջ, պատանդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը:

ԱԳՆ–ն շեշտում է, որ դիվանագիտական էթիկետը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու և ամրագրելու և միջազգային հակաիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում:

Ղարաբաղյան հակամարտություն. Նուրգալիևն ասել է` ինչ էր առաջարկում ՌԴ–ն 2016 թվականից հետո