Երևանում ծննդկան է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնում

Վերակենդանացման բոլոր միջոցառումները կատարվել են, բայց ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևանում գործող «Բեգլարյան» կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը` ժամանակագրական կարգով ներկայացնելով կնոջ հետ կապված իրադարձությունները։

Ողբերգական դեպք «Նաիրիտում»․ տղամարդը 3-րդ հարկից ընկել է ու տեղում մահացել

Ըստ այդմ` Նելլի Արշակյանը ԲԿ է ընդունվել փետրվարի 1-ին, գանգատվել է պտղի ակտիվ խաղից ու որովայնի ստորին շրջանի ցավերից: Հղին կլինիկայում հետազոտվել է, տրվել է նախնական ախտորոշում` 35 շաբաթ հղիություն, վարիկոզ հիվանդություն, պտղի ներարգանդային հիպօքսիա, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն։

Հաշվի առնելով ախտորոշումը` կինը կլինիկայում ստացել է հղիությունը պահպանող բուժում ՝ մագնեզիալ թերապիա, սպազմոլիտիկ, արգանդ-պլացենտար արյան շրջանառությունը բարելավող թերապիա:

Նույն օրը, ժամը 21։00–ին կատարվել է հերթական ԿՏԳ (պտղի սրտի զարկերի մոնիտորինգ) հետազոտությունը, որի ժամանակ դիտվել է պտղի սրտի զարկերի հաճախացում։

Ըստ բուժկենտրոնի` հղիին և ամուսնուն տեղյակ է պահվել պտղի կյանքին սպառնացող վտանգի և շտապ կարգով ծննդալուծման անհրաժեշտության մասին: Նրանց համաձայնությունը ստանալուց հետո որոշվել է կեսարյան հատում անել շտապ կարգով ծննդալուծման համար: Վարման պլանը համաձայնեցված է եղել կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր Գ.Ա. Բեգլարյանի հետ: Ժամը 22։00–ին սպինալ անզգայացման պայմաններում կատարվել է կեսարյան հատում արգանդի ստորին սեգմենտում:

Սյունիքում մեկ օրվա ընթացքում 2–րդ մեքենան է գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է

«Վիրահատությունն ընթացել է հարթ: Ծնվել է անհաս, իգական սեռի 3000,0 գ քաշով, 49 սմ հասակով նորածին։ Նորածնի վիճակը գնահատվել է կայուն բավարար: Փետրվարի 2-ին` ժամը 05։30, ծննդկանի վիճակը կտրուկ վատացել է, կատարվել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, որոնք անարդյունավետ են եղել, և 06։15 արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը և ծննդկանի հարազատներին:

Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն։

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է