ՌԱԴԻՈ

Շուկայում կունենանք նաև չարաշահումներ, որոնք ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դեկտեմբերին արձանագրված գնաճին, որը, ըստ ԿԲ–ի, հիմնականում պայմանավորված է եղել ներմուծած պարենային ապրանքների գների աճով։
Sputnik
Շուկայում կունենանք նաև չարաշահումներ, որոնք ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են. Պիպոյան

Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ` մի կողմից ԿԲ–ն, որպես գների քաղաքականություն իրականացնող և գնաճն իր դրամավարկային քաղաքականությամբ զսպող կառույց, տարեկան պլանավորման և գործառութային տեսանկյունից կարող է այդպես մեկնաբանել, բայց մյուս կողմից առաջացել է բարդ իրավիճակ, որովհետև կա մեկ գործոն և ընդհանրական գնահատական տալն անթույլատրելի է։

Հայաստանում փակել են հեռուստացույցների հավաքման ձեռնարկությունը. ո՞րն է խնդիրը

«Ներմուծված ապրանքների մասով մենք ունենք շուկայական գների փոփոխություն, որը պայմանավորված է մաքսատուրքի փոփոխմա՞մբ, դրամի արժեզրկմա՞մբ, թե՞ նույն արտադրող երկրում ապրանքի գնաճով։ Եթե դիտարկենք ներմուծված ապրանքը, ապա դրա վրա կարող էր ազդել մի քանի գործոն, բայց որպեսզի հասկանանք` երկրում պրոբլեմ ունենք, թե ոչ, առկա շղթայում պետք է արվի փաստաթղթային ուսումնասիրություն արդեն այլ կառույցների կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Պիպոյանի կարծիքով` մենք ապրանքների շուկայում պետք է ունենանք հստակ գործիքակազմ, որպեսզի սպեկուլյատիվ էֆեկտը լինի շատ ցածր, այսինքն` ունենանք օբյեկտիվ գործոններով պայմանավորված գնաճ, որտեղ ԿԲ–ն իր դրամավարկային քաղաքականությամբ և վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայելով`իր հերթին կարող է ունենալ որոշակի ազդեցություն, սակայն մենք շուկայում, ըստ Պիպոյանի, կունենանք նաև չարաշահումներ, որոնք արդեն ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի գնահատմամբ` գնաճը մեր համաքաղաքացիների համար անհանգստացնող է, որովհետև ի տարբերություն նորմալ զարգացող երկրների` մեզ մոտ գնաճին զուգահեռ եկամուտները ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Ըստ նրա` արտասահմանում գնաճը նույնիսկ թթվածին է տնտեսության զարգացման համար, բայց դրան զուգահեռ մարդիկ խնդիր չեն ունենում, որովհետև նրանց եկամուտներն ու շահույթները նույնպես աճում են, այսինքն` գնաճը կառավարելի է, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում հակառակ գործընթացը, ինչն ավելի է ազդում սոցիալական իրավիճակի վրա։

Հիշեցնենք` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ 2020թ.–ի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ, որը հիմնականում պայմանավորված է եղել ներմուծած պարենային ապրանքների գների աճով։