ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Այսօր կյանքի 88–րդ տարում մահացել է ֆուտբոլիստ, «Արարատ-73» թիմի գլխավոր մարզչի օգնական Հովհաննես Աբրահամյանը:
Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը։
Հայտնի ֆուտբոլիստի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը, փետրվարի 4-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Հովհաննես (Օնիկ) Աբրահամյանը 1966 թվականից, երբ «Արարատը» գլխավորում էր Արտյոմ Ֆալյանը, սկսել է աշխատել լեգենդար թիմում որպես մարզչի օգնական։ 1973 թվականին նա Նիկիտա Սիմոնյանի գլխավորած թիմի հետ դարձել նախկին ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։
1974 թվականին Աբրահամյանը հեռացել է «Արարատից», բայց 1975 թվականին, երբ երևանյան թիմը գլխավորեց Վիկտոր Մասլովը, Հովհաննես Աբրահամյանը վերադարձավ «Արարատ» ու ևս մեկ անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը։
Հովհաննես Աբրահամյանը հայկական ֆուտբոլի և «Արարատի» նվիրյալ էր։ ՀՀ վաստակավոր մարզիչը մեծ հեղինակություն ու սեր էր վայելում ֆուտբոլում խորհրդային տարիներին։ Հովհաննես Աբրահամյանը ֆուտբոլասերների հիշողություններում կմնա որպես «Արարատի» հաղթանակների խորհրդանիշ։