Իշխան Սաղաթելյանի խոսքով` նախորդ երկու ամիսներին շարժումն իրականացրել է բազմաթիվ ակցիաներ և գործողություններ` շատ հստակ ձևակերպելով իր օրակարգն ու պահանջը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ կա գործող իշխանության հեռացման համաժողովրդական պահանջ, որը սակայն դեռ չի վերածվել համաժողովրդական պայքարի, և այնպես չէ, որ չարիքի իշխանության հրաժարականը պահանջում են միայն նրանք, ովքեր դուրս են գալիս փողոց և մասնակցում կոնկրետ գործողությունների կամ միջոցառումների։
«Պահանջը բավականին մեծ ընդգրկում ունի, և դա շատ բնական ու տրամաբանական է, որովհետև ՀՀ–ում իշխանության աթոռին հայտնված ներկայիս քաղաքական թիմն ըստ էության մեր երկիրը տարել է պարտության, խայտառակ կապիտուլյացիայի, ուստի նրա րոպե առաջ հեռանալը անհրաժեշտություն է մեր հայրենիքը փրկելու համար»,– նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Սաղաթելյանի հավաստմամբ` Հայրենիքի փրկության շարժումն առաջիկայում իր պայքարը շարունակելու է ավելի լայն թափով, հետևաբար նպատակների ու մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել։ Շարժումն, ըստ նրա, վարչապետի հետ ունի քննարկելիք մեկ օրակարգ` իր հեռացման ճանապարհային քարտեզը, ընդ որում` շարժումն արտահերթ ընտրությունների առթիվ արդեն իսկ ներկայացրել է ճանապարհային քարտեզը և հիմնավորել, թե ինչու ընտրությունները չպետք է կայանան վարչապետի աթոռին կառչած անձի կազմակերպմամբ։
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով