ՌԱԴԻՈ

Իշխան Սաղաթելյանը գիտի` երբ հնարավոր կլինի վերադարձնել Շուշին ու Հադրութը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե իրենք ինչպես են պատկերացնում արցախյան հարցի լուծումը։
Sputnik
Իշխան Սաղաթելյանը գիտի` երբ հնարավոր կլինի վերադարձնել Շուշին ու Հադրութը

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ` նախ պետք է բացառել Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում, երկրորդ` շատ արագ և շտապ կերպով պետք է մշակվի ընդհանուր ռազմավարական հայեցակարգ, որն ունենա երկու կարևոր բաղադրիչ` նոր իրավիճակում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում և փախստականների վերադարձ, վերաբնակեցում, երրորդ` պետք է հասնել Արցախի ինքնորոշման, անկախության ճանաչմանը։

«Սա է արցախյան հարցի լուծման ճանապարհը, և այստեղ Արցախի ու Հայաստանի կառավարությունները, հասարակական կազմակերպություններն այդ ուղղությամբ պետք է իրականացնեն հսկայածավալ աշխատանք»,– նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Այդուհանդերձ Սաղաթելյանը պնդեց, որ ներկայիս ՀՀ կառավարությունը, իշխանությունը պարզապես անընդունակ և անկարող է, հետևաբար չի կարող վերոնշյալ հարցերը լուծել, քանզի պարտվել է պատերազմում, հանձնել է երկիրը թշնամուն, գործել է դավադրաբար ու չի կարող պաշտպանել պետության և ժողովրդի շահերը։

Ամենաբարձր մակարդակով մեզ տրամադրում են թուրքերի հետ «սիլի-բիլի» անելու. Իշխան Սաղաթելյան

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքների հարցի լուծումը` Սաղաթելյանն ընդգծեց, որ եթե իրենք առկա իրավիճակը համարում են անընդունելի, ապա դա չի նշանակում, որ իշխանության գալով կսկսեն նոր
պատերազմ`տարածքները վերադարձնելու նպատակով։

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր բանակը ջարդված է, այս պահին չունենք այդ կարողությունը, ուստի արկածախնդրություն է մեր ժողովրդին նոր պատերազմի տանելը»,– նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Սաղաթելյանի պնդմամբ`Շուշին և Հադրութը հայկական են, հետևաբար ինչ–որ փուլում դրանք պետք է վերադարձվեն և նորից ընդգրկվեն ինքնորոշված Արցախի կազմում։ Ըստ նրա` դա հնարավոր կլինի անել այն ժամանակ, երբ կունենանք հզոր տնտեսություն, հզոր պետություն, հզոր բանակ, այդ օրը գալու է, իսկ նրանք, ովքեր համակերպվել են այս իրավիճակի հետ` մտածելով, որ լավ ապրելու համար պետք է Արցախը հանձնել, ապա նրանք, ըստ Սաղաթելյանի, պարզապես չեն հասկանում և չեն գիտակցում Արցախի կարևորությունն առհասարակ հայ ժողովրդի գոյապայքարում, նրա շարունակականության մեջ։

Փաշինյանը կատարեց լրագրողին տված խոստումը. Շուշին հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական