ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանին օգնություն ցուցաբերելու մեխանիզմը չի քննարկվել ՀԱՊԿ-ում, քանի որ Երևանը չի դիմել կազմակերպությանը։ Տեղեկությունը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ առցանց ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:
«Մենք ի սկզբանե կողմ ենք եղել ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղ պայմանավորվածությունների ճանապարհով տարածաշրջանում խնդիրների լուծմանը։ Այդ դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է Զասը։
Նա ասել է, որ կազմակերպությունը չի սահմանափակվել միայն իրադարձությունների զարգացմանը հետևելով ու կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջներով։
«Մենք մեծ աշխատանք էինք իրականացնում։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ մենք ունենք հավաքական անվտանգության մասին բազային պայմանագիր, որտեղ հստակ ամրագրված են այս կամ այն պետությանը օգնություն ցուցաբերելու համար ՀԱՊԿ-ի հնարավորությունների գործարկման պայմաններն ու կարգը», - ասել է Զասը։
4-րդ կետի համաձայն՝ ագրեսիայի, հարձակման դեպքում, որը սպառնում է կազմակերպության անդամ պետություններից մեկի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, այդ պետության դիմումով դրան անհապաղ համակողմանի օգնություն է ցուցաբերվում, այդ թվում ՝ ռազմական։
Փաշինյանը պատասխանեց հարցին` ինչո՞ւ ՀԱՊԿ–ին չի դիմել պատերազմի ժամանակ
«Այս իրավիճակում Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի կողմից ռազմական կամ այլ օգնություն ստանալու համար։ Այդ մեխանիզմը մենք չենք գործարկել ու չենք դիտարկել», - ասել է Զասը։
Նա ողջունել է եռակողմ պայմանավորվածությունները և կողմերի ընտրած հակամարտության լուծման ճանապարհը։ Զասը նշել է, որ կան պայմաններ խաղաղ ճանապարհով հակամարտության ամբողջական կարգավորման համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են