Բեղլոյանի հակասական մտքերը, կամ ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան նման հարթակներ ստեղծելով

«Իմ քայլի» պատգամավորի հայտարարությունները՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներում, սոցցանցերում բանավեճերի առիթ են դարձել։ Որքանո՞վ են նման քննարկումներն անվտանգ, և արդյո՞ք սա Երևանը հակառուսական հարթակի մեջ ներքաշելու քայլ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանի ելույթը Եվրամիության, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ընթացքում հասարակական հնչեղություն է ստացել:

Թեև նման համաժողովների բացահայտ «թիրախը» Ռուսաստանն է, բայց դրանց հայ պաշտոնյաների մասնակցությունը և հատկապես չմտածված հայտարարություններն առաջին հերթին հարվածում են Հայաստանի շահերին։

Նախ դիտարկենք, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը։

«Առավոտ» թերթը նախագծի հետ գործընկերության շրջանակներում հրապարակել է «Սահմանային ZONA» ռուսատյաց վրացական նախաձեռնության կազմակերպած «Հարավային Կովկաս. նոր սպառնալիքներ և նոր հնարավորություններ» տեսաժողովի ընթացքում հնչած ելույթների վերծանումը: Հյուրերը եղել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Լիտվայի, Էստոնիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Խորվաթիայի, Ռումինիայի դեսպանները, ինչպես նաև ներկայացուցիչներ Եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից:

Եվ այսպես, քննարկման ընթացքում Բեղլոյան մի քանի ոչ միանշանակ թեզ է հնչեցրել։

Զգույշ եղեք Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտություններում. Արցախի ԱԳՆ

Մասնավորապես, որ «Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները բավականին լավ հասկանում են, որ վերջին իրադարձությունները կարող են տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանում վստահության հիմք հանդիսանալ»։

Մյուս թեզը՝ տարածաշրջանում ռուս զինվորականների ներկայության հարցը կարող են լուծել տարածաշրջանի երկրները, եթե մշակվի «տարածաշրջանային անվտանգության ռազմավարություն, որը կվայելի բոլոր երկրների վստահությունը։ Դրա համար դրսից ինչ-որ ուժերի ներկայության կարիք չկա»։

Բացի այդ, Բեղլոյանը, թերթի փոխանցմամբ, հայտարարել է.   «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել են դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»։

Որպես ամփոփում նա շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը «տարածաշրջանում նրանց աշխատանքի, այն դերի համար, որ նրանք խաղում են հետպատերազմական կարգավորման հարցում։ Լավ կլինի, եթե նրանց մասնակցությունն ավելի ուժեղանա, քանի որ տարածաշրջանում տարբեր ուժերի ներկայությունը պետք է հավասարակշռված լինի»։ 

Անուշ Բեղլոյանի հայտարարությունները իսկույն ևեթ տարածվեցին սոցցանցերի հայկական տիրույթում։ Sputnik Արմենիան դիմեց Բեղլոյանին՝ խնդրելով մեկնաբանել իր մասնակցությունը համաժողովին և այնտեղ արված հայտարարությունները։ Տվյալ դեպքում նրա խոսքերը բավականին տարբերվեցին վերոնշյալից, ինչն ինքնին հարցեր է առաջացնում։

ՌԴ խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում. Զաս

Պատգամավորի խոսքով՝ նման համաժողովներն այն ձևաչափն են, որտեղ մասնագետները, միջազգային փորձագետները, դեսպանները, միջազգային, եվրոպական կառույցների ներկայացուցիչները պատրաստվում են լսել կողմերի մոտեցումներն ու գնահատականները: Այդպես նրանք փորձում են եզրակացություններ անել իրավիճակի մասին։

«Դա փորձագիտական քննարկում էր, որտեղ կողմերը փորձել են հենց այդ լսարանին ներկայացնել իրենց դիրքորոշումներն ու  մտահոգությունները և ապագայի տեսլականները։ Ես այնտեղ որպես հյուր էի, բայց հայկական կողմից հիմնական բանախոսը`Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ինձ խնդրեց ներկայացնել մեր դիրքորոշումը»,-ասաց Բեղլոյանը։

Ինչ հեռանկարներ ունի Արցախում ռուս-թուրքական մոնիթորինգը

Պատգամավորը նշել է, որ ներկայացրել է իր դիրքորոշումը, որը համահունչ է իշխող ուժի դիրքորոշմանը։

Ողջ խորհրդաժողովի ընթացքում, նրա խոսքով, ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ:

«Եվ այստեղ կարևոր էր ընդգծել, որ ռուս խաղաղապահներն այնտեղ են Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի կարգավիճակում, որպես հրադադարի բանակցող կողմ։ Եվ եթե ինչ-որ մեկը, այս դեպքում Ադրբեջանը, դժգոհ է նրանցից, ապա պետք է հասկանա, որ խաղաղապահների ներկայությունն առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությամբ, պատերազմի հրահրման և մարտական գործողությունները սկսելու գործոնով։ Ինչպես նաև այն բանով, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է (ինչպես այս քննարկման ընթացքում), թե տեղի է ունեցել «արդարության վերականգնում», «հարցի լուծում»»,-ասել է Բեղլոյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր ընդգծել, որ քանի դեռ անվտանգության խնդրի վերջնական լուծում չկա՝ ռուս խաղաղապահներն այնտեղ են մնալու։ Ադրբեջանական կողմի դժգոհությունը, հակառուսական հայտարարությունները միջազգային տարբեր կառույցներում, տարածաշրջանում ռուս խաղաղապահների դերը նսեմացնելու նրանց փորձերը «պետք է համապատասխան գնահատականի արժանան հայկական կողմից»:

Թուրքիայի ու Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման. Արցախի ԱԳՆ

 «Խաղաղապահների տեղակայման իրողությունը չի կարող փոխվել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունն ու ապակառուցողական հայտարարությունները»,- նշեց Բեղլոյանը։

Նրա խոսքով՝ կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները փորձել են եվրոպացիների ուշադրությունը հրավիրել խաղաղապահների առկայության վրա, շահարկել այդ հարցը հօգուտ իրենց։

Ընդհանուր առմամբ, պատգամավորը կարծում է, որ չնայած նման խոսակցությունների ցավալի լինելուն, դրանք անհրաժեշտ են։ Անհրաժեշտ են ոչ միայն «եվրոպական» ձևաչափով, այլև ռուսական կողմի նախաձեռնած ձևաչափերում, քանի որ նման քննարկումների ընթացքում պարզ են դառնում իրական նպատակները։ Եվ հնարավորություն է ստեղծվում ապացուցել, թե ով է սպառնալիք ստեղծում տարածաշրջանի անվտանգության համար, հատկապես՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների համատեքստում։

Սիրիացի գրոհայինները պետք է լքեն Ղարաբաղյան հակամարտության գոտին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 

Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ մեդիափորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն առաջին հերթին ուշադրություն հրավիրեց այն հարթակին, որտեղ անցկացվում է տեսակոնֆերանսը։

«Նախագծի հեղինակ Եգոր Կուրոպտևն ապրում է Վրաստանում և հայտնի է իր հակառուսական տրամադրություններով: Իմ կարծիքով, հիմա պետք է շատ զգուշորեն ընտրել հարթակները և մասնակցել նման հանդիպումներին»,-ասաց Քոչարյանը։

Առավել ևս, եթե, ինչպես ասում են նախագծի հեղինակները, խոսքը ինչ–որ կովկասյան հարթակ ստեղծելու մասին է, որտեղ ներգրավված կլինեն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանն ու ՆԱՏՕ–ի անդամ երկրներ։

Քոչարյանը նշում է, որ հիմա, երբ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է, պետք չէ հանդես գալ նման հարթակներում։  Հատկապես դա վերաբերում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին։  Նման քայլերը Ռուսաստանում միայն ամրապնդում են` Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների հակառուսական տրամադրությունների մասին կարծիքը։

Ինչ վերաբերում է նման ձևաչափում Թուրքիայի մասնակցությանը, Քոչարյանի խոսքով, այդ երկիրն արդեն տարածել է իր ազդեցությունը Ադրբեջանի և Վրաստանի վրա, հիմա փորձում է անել դա նաև Հայաստանի հասարակության հետ։ Անկարան ստեղծելու է նման հարթակներ սեփական շահերը և իր հովանավոր ԱՄՆ–ի շահերը առաջ տանելու համար։

«Իսկ Բեղլոյանը նման հարթակների մասնակցելով` ջուր է լցնում այն երկրների ջրաղացին, որոնք գործում են տարածաշրջանում Ռուսաստանի դեմ», – նշեց Քոչարյանը։

Ի՞նչ սպասել թուրք-ադրբեջանական զորավարժություններից

Ինչ վերաբերում է ավելի ուշ Բեղլոյանի տված մեկնաբանություններին, ապա ամենայն հավանականությամբ նրան զանգահարել են «վերևից» և զգուշացրել, որ նման հայտարարություններ հիմա անել չի կարելի։ Իշխող կուսակցության մի շարք պատգամավորներ, փորձագետի խոսքով, հաճախ չմտածված հայտարարություններ են անում, որից հետո ստիպված են լինում պարզաբանել, որ բոլորովին այլ բան են ի նկատի ունեցել։

Անդրադառնալով  Բեղլոյանի` ռուս խաղաղապահների մասին ոչ միանշանակ հայտարարություններին` Քոչարյանը նշում է, Արցախում նրանց «այլընտրանք» կարող էր լինել միայն Ադրբեջանի ԶՈւ–ն, իսկ Հայաստանում` թուրքական զորքերը։ Եթե չլինեին ռուս խաղաղապահները, հակառակորդին «կհանձնվեր» և՛ Ստեփանակերտը, և՛ ողջ Արցախը։