ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Գյումրու Չարենցի անվան թիվ 25 դպրոցում երեկ գործադուլ էր, այսօր՝ դասադուլ: Ծնողների որոշմամբ աշակերտները դասի չէին եկել: Դպրոցի ուսուցիչներն ու ծնողները ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից պահանջում են վերջ դնել հովանավորչությանը։
«Մենք դեմ ենք, որ այլ անձ լինի թիվ 25 դպրոցի տնօրեն: Այս ողջ ընթացքում մեր խնդրանքն ու կարծիքը հաշվի չի առնվել, մենք էլ գտնում ենք, որ մեր խնդիրը կարող ենք միայն դասադուլի միջոցով լուծել։ Դա մեր՝ ծնողներիս որոշումն է։ Մեր դպրոցն ուներ իր թեկնածուին՝ պարոն Մինասյանին։ Նրան հարգում են և՛ ծնողները, և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները, կուզենայինք տնօրեն տեսնել պարոն Մինասյանին»,- ասում է ծնողներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ:
Նշենք, որ այս դպրոցում տնօրենի թափուր տեղի մրցույթ անցկացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել ընտրել տնօրեն։ Մրցույթում 2 թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել պահանջված 5 ձայնը. նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4 քվե, իսկ մյուս թեկնածուի` Իրինա Բաղդասարյանի օգտին` 2:
Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն, ըստ գործող կարգի, տնօրենի նշանակումը կատարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմք ընդունելով փոխվարչապետի աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ անցկացված հեռավար հարցազրույցը։
«Հնարավոր չէ 10-15 րոպե հեռավար հարցման արդյունքում մարդուն ճանաչել ու որոշում կայացնել: Խնդիրը անձի հետ չի պայմանավորված, այլ նրա, որ հաշվի չի առնվում ավելի քան 30 աշխատակցի ու 800–ից ավելի ծնողի կարծիքը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց դպրոցի պատմության ուսուցիչ Թաթուլ Խաչատրյանը:
Ծնողներն ու դպրոցի անձնակազմը նամակ են հղել փոխվարչապետին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն վերջինս նախապատվությունը տվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։
Սա, ըստ ծնողների, ոչ այլ ինչ է, քան հովանավորչություն․ ասում են` Տիգրան Ավինյանը պաշտոնի է նշանակել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քրոջը:
«Տիգրան Ավինյանը թող գրություն ուղարկի մեզ` բացատրելով` ինչու է այդ որոշումը կայացրել»,-ասաց ծնողներից մեկը։
Ի դեպ, նրանց խոսքով, խախտումներ են եղել նաև տնօրենի նշանակման ժամկետների հետ կապված։ Ասում են` փոխվարչապետը հավակնորդի թեկնածության մասին հայտնել է ոչ թե 5 օր անց, ինչպես սահմանված է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» համաձայն, այլ երկու ամիս անց։
Դասադուլը հասավ Գյումրի. նրանց պահանջը մի փոքր այլ է
Նշենք, որ երեկ` փետրվարի 1–ին, ծնողները դիմել էին նաև Շիրակի նորանաշնակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Նա նշել է, որ բողոքը կարող է քննվել միայն դատական կարգով, սակայն ծնողները խնդրի լուծման իրենց տարբերակն են պնդում՝ երեխաներին դպրոց չեն ուղարկի այնքան ժամանակ, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի վերանայել իր որոշումը: