ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հայտարարությունը Ղազախի շրջանը գնդակոծելու վերաբերյալ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, թե իբր Հայաստանի Տավուշի մարզի կողմից գնդացիրներից կրակոցներ են արձակվել սահմանապահ դիրքի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 5-ի մոտակայքում, Հայաստանի զինված ուժերը գնդացիրներից կրակահերթեր են արձակել պետական սահմանապահ ծառայության սահմանապահ-մարտական հենակետի վրա՝ Ղազախի շրջանում։

Երկու ադրբեջանցի զինծառայող ազատ են արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ

«Բացարձակ սուտ է»,- Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։