Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդել քաղաքում Հայաստանի հյուպատոսության շենքի մոտ երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել «Ո՛չ դավաճաններին» «Ազատություն ռազմագերիներին» կարգախոսներով։ Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է օգտատեր Արթուր Սահակյանը։
Ամերիկահայերին հանրահավաքի էր դուրս բերել վերջի օրերի ձերբակալությունները, հատկապես Վահրամ Բադասյանի ձերբակալությունը, որին էլ հենց նրանք համարում են ռազմագերի։
Բողոքի ձայն բարձրացնելուն դրդել է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին` ԱՄՆ–ում դեսպան նշանակելու լուրը։ Իսկ վերջին խնդիրը, իրենց խոսքով, գլխավոր դավաճանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ժամանումն է Լոս Անջելես, որը, ԶԼՄ–ների տեղեկություններով` եկել է իր ծննդյան օրը նշելու։
Հավաքի մասնակից լրագրող Արմեն Բարսեղյանն իր խոսքում ասաց, որ Վահան Բադասյանին ձերբակալել է մի մարդ, որը բանակում չի ծառայել և ոչ մի լումա ներդրում չունի Արցախն ազատագրելու հետ` նշելով, որ այստեղ քինախնդրության խնդիր է, որովհետև Բադասյանը շատ բաներ կարող է բացահայտել պատերազմի մասին։ Բողոքի մասնակիցները կոչ արեցին ազատ արձակել Վահան Բադասյանին։
«Կտրականապես դեմ ենք Լիլիթ Մակունցին` այդ ապիկար անձնավորությանը, ԱՄՆ–ում դեսպան նշանակելուն։ Մակունցը չունի դիվանագիտական կրթություն և ներկայացնում է այս ապիկար իշխանություններին»,–ասաց նա։
Բարսեղյանի խոսքով` ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանի փոփոխությունը հակապետական հակահայկական նպատակ է հետապնդում։ «Եթե չկա ծայր անհրաժեշտությունը 4 տարուց շուտ դեսպան փոխելը Միացյալ Նահանգներում ընկալվում է անարգանք ու ոչ լուրջ վերաբերմունք ԱՄՆ–ի նկատմամբ։ Մակունցը չունի մասնագիտական կրթություն և լուրջ փորձ, որն իր հերթին անարգանք է ընդունող երկրի հանդեպ»,–ասաց նա։
Բարսեղյանը հիշեցրեց, որ ներկա դեսպանը` Վարուժան Ներսիսյանը, նշանակվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո, այստեղի հնաբնակներից է, ունի բարձր վարկանիշ և լուրջ հարաբերություններ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։
ԱՄՆ–ում դեսպան լինելու համար Մակունցը չունի դիվանագիտական փորձ և քաղաքական ծանրակշռություն
«Լիլիթ Մակունցի նշանակումը ոչ միայն անարգանք է ԱՄՆ–ի հանդեպ, այլ նաև վտանգում են հայ-ամերիկյան հարաբերությունները»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ օրեր առաջ Լիլիթ Մակունցը հաստատեց ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ իր` ԱՄՆ–ում դեսպան նշանակվելու հարցն օրակարգում կա։
Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին՝ «Եռաբլուրում» արած հետևյալ հայտարարության համար. «Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելմանն ուղղված հրապարակային կոչերը):
Հունվարի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը, Վահան Բադասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: