«Ձեր այցը ցանկալի չէ». Աննա Հակոբյանին ԱՄՆ-ում դիմավորել են «դավաճան» պաստառով

Աննա Հակոբյանի գրասենյակը չի մեկնաբանում նրա այցը, սակայն համացանցում արդեն տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են նրան դիմավորում Լոս Անջելեսի օդանավակայանում: ՀՅԴ Ամերիկայի գրասենյակը հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետի կնոջը ՝ Աննա Հակոբյանին, իրեն ու ամուսնուն դավաճանության մեջ մեղադրող պաստառներով են հայրենակիցները դիմավորել Լոս Անջելեսի օդանավակայանում: Այս մասին համացանցում հայտնված տեսանյութում պատմում է ԱՄՆ–ում հայկական սփյուռքի ներկայացուցիչ Ռոբերտ Մարգարյանը։

Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ինչ նպատակով է Հակոբյանն իր ծննդյան օրը մեկնել ԱՄՆ, սակայն նրա երկու օգնականներն էլ՝ Էսթեր Սահակյանն ու Ալինա Կարապետյանը, չպատասխանեցին հեռախոսազանգերին։

«Քիչ առաջ Լոս Անջելես ժամանեց գերագույն գլխավոր դավաճանի կինը` Էրատոն` իր թիկնապահների հետ։ «Դավաճան» պաստառով նրան դիմավորեցինք։ Նա անցավ գլխիկոր, անգամ հավաքված մյուս հայերին չնայեց։ Նրանք պետք է իմանան, որ ուր էլ գնան, նրանց կդիմավորեն նման գրություններով պաստառներով մարդիկ», - ասում է  Մարգարյանը` հայտնելով, որ իր նախաձեռնությամբ է օդանավակայան գնացել։

Մարգարյանը կոչ է անում չպայքարել միայն սոցիալական ցանցերում գրառումներ անելով։ Դրա փոխարեն մասնակցել այն բազմամարդ ակցիաներին, որ նախատեսվում են Լոս Անջելեում` այնտեղ ապրող հայերի դիրքորոշումը հայտնելու համար։

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվա է ժամանել մասնավոր այցով. աղբյուր

«Մենք գտնում ենք, որ նրանց խղճին է զոհվածների արյունը, և այս քայլով ես ինչ–որ կերպ հարգեցի զոհերի հիշատակը», - նշեց է նա:

Ավելի վաղ Տելեգրամ– ալիքներում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Աննա Հակոբյանը (իսկապես` գլխիկոր) իր դստեր՝ Շուշանի հետ` թիկնապահների ուղեկցությամբ դուրս գալիս օդանավակայանի շենքից։

Միաժամանակ ՀՅԴ Ամերիկայի կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ չի ողջունում Հակոբյանի այցը ԱՄՆ:

«Տիկին Հակոբյանը  ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողված դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ իր երկչոտ վերաբերմունքը, ընդդիմադիրների հանդեպ գործադրած բռնարարքները, Հայաստանի ու սփյուռքի հայության դեմ բաժանարար և սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորած ու գերեվարված զինվորներին վերադարձնելու իր անկարողությունը, իր ստերը պատերազմից առաջ, ընթացքում և վերջում, իր դավադրամտությունը՝ մեր հողերը հանձնելու հայտարարության տակ գաղտնի ստորագրելու, պատերազմը ղեկավարելու իր կազմաքանդ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց  հազարավոր զոհերի»,– ասված է հայտարարության մեջ։

Կոմիտեից նշել են, որ Աննա Հակոբյանի  ներկայությունը ողջունելի չէ:

Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ապամոնտաժվեց․ մարդիկ չեն ուզում տեսնել Աննա Հակոբյանին

Նշենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծնվել է 1978թ.–ի փետրվարի 1–ին։