ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Երևանից Ստեփանակերտ մեկնող 96 արցախցիներ այս գիշեր ստիպված են եղել Սիսիան քաղաքում անցկացնել եղանակային վատ պայմանների պատճառով։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ձնաբուքը ճանապարհն անանցանելի էր դարձրել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բոլորն էլ ապահովված են եղել սնունդով, լուծվել է նրանց գիշերակացի հարցը։
«Այնպես էր ստացվել, որ ձնաբքի պատճառով Գորիս, Կապան մեկնող շատ ընտանիքներ ավելի վաղ ստիպված էին եղել Սիսիանում կանգ առնել, բոլոր հյուրանոցներն արդեն զբաղված էին, ուստի արցախցիների կեցությունն այլ կերպ ենք կազմակերպել՝ հիվանդանոցում, զորամասում, համայքապետարանի աշխատակիցների տներում և այլն»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Արցախ մեկնողների թվում են եղել նաև Երևանում բուժում ստացած երկու զինվորներ։ Նրանց ապահովության համար հիվանդանոցում են տեղավորել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նաև բուժօգնության հարցը տեղում և արագ կազմակերպվի։
Տղամարդկանց տեղավորել են զորամասում, իսկ կանանց և երեխաներին՝ ընտանիքներում։ Նշում է, որ բոլորն էլ գոհ են եղել և ժամերի ընթացքում մտերմացել են հյուրընկալողների հետ։
Այսօր առավոտյան արդեն արցախցիների տեղափոխող երկու ավտոբուսները ոստիկանների ուղեկցությամբ ճանապարհվել են Ստեփանակերտ։
Հիշեցնենք՝ հունվարի 30-ին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Շտաբի տեղեկացմամբ՝ ավտոբուսների 96 ուղևորներն ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։