ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 30-ին, երկրորդ ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:30-ի սահմանում 57-ամյա Մամիկոն Մարտիրոսյանն իր վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում Քաջարանի վարչական տարածքի Գիրաթաղ կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել ձորակում:
Մարտիրոսյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Քաջարանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Քաջարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հիշեցնենք, որ այսօր ևս մեկ ավտոմեքենա էր ընկել ձորը։ Ուղևորներից մեկը տեղում մահացել էր, վարորդն ու մյուս ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց։