Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ նիստը կրկին կանցկացվի Մոսկվայում։ Հանդիպման օրը կհամաձայնեցվի աշխատանքային կարգով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆան այսօր Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը.

  • երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով,
  • փոխադրումների ապահովման հարցերով, այդ թվում ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ ձևեր։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել փորձագիտական ենթախմբերի ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել դրանց առաջին նիստերը:

Փաշինյանը կատարեց լրագրողին տված խոստումը. Շուշին հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական

Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Մոսկվայում։ Համանախագահները հանդիպման օրը կհամաձայնեցնեն աշխատանքային կարգով:

Հիշեցնենք` հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր հայտարարություն` որպես լրացում 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության։

Հունվարի 11-ի հայտարարության բոլոր 4 կետերը վերաբերում են նոյեմբերի 9-ի հայտարարության` տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետին։