ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Հարավային Կովկասում «վեցյակի հարթակը»։
2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի առաջնորդը, այցելելով Բաքու, հայտարարել էր այնպիսի հարթակ ստեղծելու հնարավորության մասին, որի կազմում կընդգրկվեին Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում Կովկասում «երեք + երեք» ձևաչափի նախագիծը», – ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Այս շաբաթ Իրանի արտգործնախարարը շրջագայություն է իրականացրել` այցելելով Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա, այսինքն այն երկրները, որոնց մասնակցությունն Իրանից բացի, ենթադրում է նախաձեռնությունը։ Իրանն իր հերթին դրական է վերաբերվել նախաձեռնությանը, Բաքու իր այցի ժամանակ Զարիֆը ողջունել է նման ձևաչափի գաղափարը։
Արցախի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի մասին ավելի վաղ խոսել էին նաև Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իրանը ողջունել էր գաղափարը՝ վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։
Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին