ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Արցախում ուժը կորցրած են ճանաչվել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մի շարք հիդրոէլեկտրակայանների արտադրության լիցենզիաները: Տեղեկությունը հայտնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից:
«Հանձնաժողովի՝ հունվարի 29-ին կայացած նիստում, որոշվել է ուժը կորցրած ճանաչել՝ «Ջեներալ էներջի» ՍՊ ընկերության «ՉԱՐՀԷԿ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Քարվաճառ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Լեվ-1» ՓՀԷԿ-ի, «Զանգեզուր ԷԶՇ» ՍՊ ընկերության «Զանգեզուր» ՓՀԷԿ-ի, «ՄՌԱՎ» ՍՊ ընկերության «Մռավ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը: Միաժամանակ, ընկերություններն ազատվել են բանկի երաշխիքային պարտավորությունից»,- նշված է հայտարարության մեջ:
Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ և տնօրենին ասել` այլևս այնտեղ չմտնի. Լուսինե Ավետյան
Հիշեցնենք` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ: Կորցրած ՀԷԿ–երը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել. բոլորը մասնավոր սեփականություն են եղել։