Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` տվյալ երևույթը նոր իրողություն չէ, որովհետև խոշոր կամ համեմատաբար խոշոր բիզնեսը միշտ էլ ձգտել է մանրատել իր ծավալներն ու ներկայանալ ավելի բազմակի դեմքերով` փորձելով տեղավորվել փոքրերի համար նախատեսված արտոնությունների դաշտում, առավել ևս, որ վերին շեմերի հետ կապված պարբերական փոփոխությունն ակնկալիքներ կամ բացասական սպասումներ է առաջացնում։
«Դա վերաբերում է նաև միջին բիզնեսին, որովհետև նրա ներկայացուցիչներն իրենց հերթին մանրատում են իրենց բիզնեսը, որպեսզի խուսափեն հարկային պարտավորությունները լրիվ ծավալով կատարելուց։ Ընդհանրապես, եթե բիզնեսը սողանցք ունի, ապա հնարավորություն է ստանում մանրատումների կամ տրոհումների և անում է դա, ինչը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև արտասահմանյան երկրներին»,– նշեց տնտեսագետը։
Մարգարյանի կարծիքով` եթե երևույթին նայենք որպես երկարաժամկետ խնդրի, ապա պետությունը պետք է ունենա կոնցեպտուալ, ոչ թե իրավիճակային լուծումներ, որովհետև կառավարությունը փոխվում է և նոր իշխանությունը իջեցնում կամ բարձրացնում է նշաձողը, ուստի այդ պատճառով էլ այդպիսի փոփոխությունների կամ վերադիրքավորումների տեղիք է տալիս։
«Սկզբունքային լուծումները վերաբերում են նրան, որ հարկային դրույքները, հարկային քաղաքականությունը վերջապես միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դուրս բերվի արտոնությունների դաշտից և ցուցաբերվեն համահարթ մոտեցումներ։ Մյուս կողմից` եթե փոքր բիզնեսին տրվում են որոշակի սեգմենտների արտոնություններ, ապա դա չպետք է արվի հարկերի ձևով, այլ սուբսիդավորումների համակարգով։ Այն, որ հարկային ճեղքը փակելու կամ վերացնելու վերաբերյալ որոշման տեքստ է ստորագրել վարչապետն անցյալ տարվա վերջին ու նաև գյուղատնտեսությունն էլ է ընկել այդ հատվածի մեջ, բավական լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս և այդ սեգմենտում ավելացված արժեքի հարկի արտոնության վերացումը կարող է տրանսակցիոն խնդիր առաջացնել»,– նշեց տնտեսագետը։
Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար
Մարգարյանի գնահատմամբ` ՊԵԿ–ի համար խնդիր է լինելու ամեն մի տնտեսվարողի հետևից գնալն ու հարկային պարտավորությունները գնահատելը, այդ ամենի հաշվառումը, որպեսզի նախ պարտավորությունները կատարվեն և երկրորդ` իրականացվեն թիրախավորված սուբսիդավորումներ։
Ըստ նրա` եթե ստվերը երևակվում էր, ապա անհրաժեշտ էր գնալ ավելի արմատական իջեցումների, հարկադրույքների ու հարկային ռեժիմի մեղմացումների, այլ ոչ թե էպիզոդիկ լուծումների ճանապարհով։