Հանցագործության մասին հաղորդումները ՊԵԿ-ում ավելացել են. պատճառվել է 21 միլիարդի վնաս

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը լրագրողներին հայտնել է, որ 2020թ-ին ՊԵԿ-ում հարուցված քրեական գործերը 2019թ. համեմատ ավելացել են 70 տոկոսով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. 2020թ.-ին ՀՀ ՊԵԿ-ում հարուցված 622 քրեական գործերով պետությանը պատճառած վնասը գնահատվել է շուրջ 21 մլրդ դրամ: Դրանից բյուջե է վերականգնվել միայն 7 միլիարդը:

Տեղեկությունն այսօր ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:

ՊԵԿ–ը խոստանում է` բիզնեսը դուրս կգա 2020-ի դժվար իրավիճակից. ինչ փոփոխություններ են եղել

«2020թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 7 մլրդ դրամ, իսկ 2019թ. ընթացքում պետական բյուջե էր վերականգնվել շուրջ 6 մլրդ. դրամ, կամ 2019թ. համեմատությամբ՝ 2020-ի աճը կազմում է 2.1 տոկոս», - ասաց նա:

Ընդ որում, ՊԵԿ պաշտոնյայի խոսքով` 2020թ.-ին հարուցված քրեական գործերը 2019թ. համեմատ ավելացել են 70 տոկոսով:

«Ինչ վերաբերում է ավել հարուցված քրեական գործերին, դա ես կպայմանավորեի առավել արդյունավետ հարկային հսկողություն կազմակերպելով: 2020թ-ին աննախադեպ քանակով հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների տեղեկանքներ, հանցագործության մասին հաղորդումներ, ինչպես նաև հարկ վճարողների կողմից հարկային օրենսդրության խախտումների վերաբերյալ ռիսկերի մասին տեղեկանքներ են ստացվել»,- ասաց Չարխիֆալակյանը:

Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Քրեական գործերից 265-ը հարուցվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության փաստերով, 206-ը՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հարկային բնույթի հանցագործության դեպքերով:

Աճել է նաև բացահայտված ստվերային շրջանառության ծավալը՝ շուրջ 7 մլրդ դրամով: Դա, ըստ ՊԵԿ պաշտոնյայի, պայմանավորված է ՊԵԿ աշխատակիցների արդյունավետ աշխատանքով ու կատարած լուրջ ստուգումներով: