ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավորներ Ս.Համբարձումյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան) օրինական ուժի մեջ է մնացել դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
«Դատավորին արդար, օրինական, բայց ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար ապօրինի հետապնդողներն ու նման հրահանգ տվողները պատասխան կտան մի փոքր անց»,–գրել է Վարոսյանը։
Հիշեցնենք` դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց 2019 թվականի հուլիսին` նույն տարվա մայիսին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացնելուց հետո։
Հատուկ քննչական ծառայությունը 2020 թվականի մայիսին հայտնեց, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
Մասնավորապես, նա դատական նիստ չէր անցկացրել, բայց հակառակի մասին փաստող կեղծ փաստաթուղթ էր կազմել։
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Քոչարյանին կալանքից ազատած դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կդադարեցվի
2020թ.–ի հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել։
Իսկ հունիսի 29–ին ՀՀ դատախազությունը բողոքարկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին մեղադրանք է առաջադրվել