ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված մի քանի հարյուր մարդ սկզբում պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա և բացատրություն տա Արցախի պատերազմի արդյունքների հետ կապված, իսկ հետո փորձեցին մտնել կառավարության շենք։
Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` կառավարության շենքի մոտ կայացած ակցիան հաջողություն չունեցավ, որովհետև Հայաստանում առկա է խորը քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարեն քաղաքական ուժերն իրենց քաղաքական քայլերով և հստակ ծրագրերով, մինչդեռ երեկվա ակցիայի ժամանակ, ըստ քաղաքագետի, քաղաքական ուժեր չկային, ներկա էին հասարակական գործիչներ, մշակույթի ներկայացուցիչներ։
«Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների ժամանակ լինել թեկնածու, ինչը հենց վկայում է, որ 16-ի ֆորմատում կարծես թե տարաձայնություններ կան, քանի որ Վազգեն Մանուկյանը հայտարարում էր, թե իրենք կտրականապես դեմ են արտահերթ ընտրություններին։ Այսինքն`արտահերթ ընտրությունների առթիվ որոշակիություն չկա նույնիսկ 16-ի ֆորմատում։ Որոշակիություն կա միայն այն հարցում, որ գործող կառավարությունը պետք է անհապաղ հեռանա, բայց մեթոդների հարցում կարծես թե միասնություն չկա, ուստի գործընթացները դեռ խմորման փուլում են»,– նշեց քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյանի կարծիքով` իշխանություններն իրենց գործողություններում ադեկվատ են այն առումով, որ ցանկանում են պահպանել իշխանությունը, իսկ պետության առջև ծառացած մյուս բոլոր հարցերի լուծման դեպքում նրանց գործողություններն ադեկվատ չեն և այնպիսի տպավորություն է, որ իշխանություններին մտահոգում է բացառապես իրենց իշխանությունը պահպանելու հարցը, մնացածը երկրորդական է։
«Եթե առաջիկայում լինեն ընտրություններ, ապա քաղաքական ուժերը պարզապես ստիպված կլինեն շատ հստակ ներկայացնել ծրագրեր և ճանապարհային քարտեզ, նաև` ինչ կադրերով ու մեթոդներով են պատրաստվում լուծել խնդիրները։ Այդ պատճառով են արտահերթ ընտրությունները շատ կարևոր, ինչը կստիպի քաղաքական ուժերին վերադառնալ պրագմատիկ դաշտ և միմյանց վրա ցեխ շպրտելու փոխարեն` փորձել երկիրը դուրս բերել այս իրավիճակից կոնկերտ ուղիներ մատնանշելով»,– նշեց քաղաքագետը։
Բաղդասարյանի գնահատմամբ` խնդիրը քաղաքական ուժերը չեն, այլ նոր ծրագրերը, նոր գաղափարները, նոր իրողություններին հարմարվելը և այդ իրողությունները հաշվի առնելով` պետության զարգացման հստակ ռազմավարություն մշակելն է։
Ըստ նրա` եթե հին քաղաքական ուժերը վերանայեն իրենց գործունեությունը, ծրագրերը, ապա նրանք նույնպես կարող են համարվել նոր ուժեր։
Հինգ հոգու ձերբակալել են ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով