Այսօր Ադրբեջանում գտնվող 5 գերիներ ռուսական ինքնաթիռով վերադարձան հայրենիք։ Բոլոր հինգը Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են։
Տեսանյութում երևում է` ինչպես են սևազգեստ հինգ տղամարդիկ իրավապահների ուղեկցությամբ իջնում ինքնաթիռից և նստում մկիրոավտոբուս։ Նրանք բոլորը դիմակներով են, հավասարակշռված ու հանգիստ քայլվածք ունեն։
Զինծառայողներն այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալում են, արդեն անցել են առաջնային բուժզննումը, այժմ նրանց կարող են տեսակցել հարազատները։
Վերադարձած գերիներն են` 47-ամյա Էդիկ Հարությունյանը, 47-ամյա Սեյրան Մաթևոսյանը, 44-ամյա Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզի` գերեվարված 62 զինծառայողների խմբից են։
Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Այսօր նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։