ՀՖՖ գործկոմի անդամ, մրցավարական կոմիտեի նախկին նախագահ և պայմանավորված խաղերը քննարկող կոմիտեի նախկին անդամ Տիգրան Հակոբյանը 2020 թվականի օգոստոսին հրաժարական տվեց իր զբաղեցրած պաշտոնից։ Պարզվում է, որ մինչ օրս դեռևս պարզ չէ` Հակոբյանը ՀՖՖ գործկոմի անդամ է, թե չէ։ Նախկին պաշտոնյան համարում է, որ ՀՖՖ-ի ընտրությունները ոչ լեգետիմ են եղել, բացի այդ էլ ՀՖՖ գործող ղեկավարությունը երկակի ստանդարտներ է կիրառում պայմանավորված խաղերի մեջ կասկածվող թիմերի նկատմամբ։
Իսկ վերջին օրերին ՀՖՖ-ի անդամ մի շարք ակումբների գործունեության կասեցումը Հակոբյանը համարում է ՀՖՖ-ի ոչ լեգետիմ ղեկավարության ապօրինի գործողությունների շարունակությունը։ Հրաժարականից կես տարի անց Տիգրան Հակոբյանը չի կարողանում հասկանալ` ինքը ՀՖՖ գործկոմի անդամ է, թե չէ, քանի որ ՀՖՖ-ն, ըստ Հակոբյանի, պետք եղած դեպքում նշում է նրա անդամությունը, պետք չեղած դեպքում` պնդում հակառակը։
Տիգրան Հակոբյանը վստահ է, որ ՀՖՖ-ում հասունանում է սկանդալային իրավիճակ, որի լուծումը պետք է տան ՀՖՖ-ի անդամ հասարակական կազմակերպությունները (այդ թվում` ֆուտբոլային ակումբները)։ Բայց ՀՖՖ–ն իր ապօրինի որոշումներով խոչընդոտում է իր անդամների գործունեությանը և այսպես ասած «խանգարող» անդամները պարզապես զրկվում են ՀՖՖ գործկոմում իրենց առաջարկությունները ներկայացնելու հնարավորությունից։
Ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ. ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահը հրաժարական է տվել