Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեց բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը

Կարմիր բերետավորների հետ հրմշտոցի ժամանակ բռնցքամարտի աշխարհի, Եվրոպայի ու ԽՍՀՄ նախկին չեմպիոնը վայր ընկավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեց բռնցքամարտիկ, աշխարհի, Եվրոպայի ու ԽՍՀՄ չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։

Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 21 ցուցարարի

Իսրայել Հակոբկոխյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի չեմպիոն:

1989թ.–ին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 1985, 1989 և 1991թ.-ին՝ Եվրոպայի չեմպիոնի:

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 2020-ի օգոստոսի 13-ին հացադուլ էր հայտարարել Գարեգին Նժդեհի արձանի մոտ՝ պահանջելով անվավեր ճանաչել Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիաները։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրահավաքի կազմակերպիչներից ռեժիսոր Արշակ Զաքարյանն իր խոսքում ասաց, որ պետական դավաճանություն է տեղի ունեցել, և մեղավորը պետք է պատժվի։

«Ժողովրդի իրավունքն է ապստամբել այս իշխանությունների դեմ, իրացնել իր սահմանադրական իրավունքը», – ասաց նա։

Հանրահավաքի մասնակիցները սկզբում Հանրապետության հրապարակում էին, ապա շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք, ապա կրկին վերադարձան կառավարության շենքի մոտ։ 

Որոշ ժամանակ անց ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին։ Sputnik Արմենիային ոստիկանությունից տեղեկացրել են, որ բերման է ենթարկվել 21 մարդ։

Բախումներ ոստիկանների հետ. ցուցարարները փորձեցին ներխուժել կառավարության շենք. տեսանյութ

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական: Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի իր միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։