ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, հավաքված ցուցարարներից 21–ը բերման են ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հանրապետության հրապարակում հավաքվածներն էլ հայտարարեցին, որ բերման է ենթարկվել նաև «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 15։00–ից, մի քանի հարյուր մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակ` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դրանից հետո նրանք շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք, հանդիպում պահանջեցին Արթուր Դավթյանի հետ, չհաջողեցին, վերադարձան հրապարակ, փորձեցին ներխուժել կառավարության շենք։
Կառավարության շենքի դիմաց մի քանի շարքով կանգնած ոստիկանները նրանց հետ հրեցին, սկսվեց հրմշտոց, բախումներ, հնչեցին հայհոյանքներ։ Ապա սկսեցին բերման ենթարկել մարդկանց։