ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ, Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում: Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով և հայրենանվեր զավակ է դաստիարակել:Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ»,–նշել է Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ Հայոց բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իր մարտական ընկերների և զինակիցների անունից ասում է, որ բանակը չի պարտվել։
«Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց:
Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը»,–նշել է նա:
Սարգսյանն ընդգծել է, որ մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:
Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. ՀՀ նախագահն ուղերձ է հղել
Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։