Արցախի հարցով աշխատանքային խումբը կքննարկի տրանսպորտային ենթակառուցվածքի հարցերը. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ առաջիկա բանակցությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի-Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցերով ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Թեմաները սահմանված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդունած հայտարարության մեջ։ Նախ՝ կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները», - ասել է նա։

Մհեր Գրիգորյանը պատմեց, թե ինչ են քննարկելու հունվարի 30-ին Մոսկվայում

Օվերչուկը դժվարացել է նշել, թե ինչ հաճախականությամբ են տեղի ունենալու փոխվարչապետների մակարդակով հանդիպումները, կամ արդյոք դրանք միշտ տեղի են ունենալու Մոսկվայում:

«Առայժմ ոչինչ հստակ չէ, առաջին անգամ ենք հանդիպում։ Թե ինչպես կընթանա, ցույց կտա ժամանակը», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: